![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi0LmckxlZNtXRDOzeZ-siyut9VK2zqNX3C613zxcX6Rf0Ln19VrVQIIxIR1BsaD5Zp9wiQjjq2T336u5rgAcqK91gaUzXeXa068XELaJv0yj9Xb4NsCCWHnInH_Gbjgj-oE07_dtXbVqg/s200/Bako+sahakian4,Web.jpg)
News.am. 31-7-2010- Պատմականորեն Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մաս. ո՛չ 1918 թվականին թուրքական սվինների վրա ստեղծված, ո՛չ էլ` ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված Ադրբեջանի: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է խորհրդային Ադրբեջանին, ապա բազմաթիվ անգամ միջազգային մակարդակով խնդրի քննարկումների ժամանակ նշվել է, որ երրորդ կողմի կուսակցական մարմնի կամային որոշումը չի կարող ապացուցողական բնույթ ունեցող իրավական փաստաթուղթ համարվել` միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից»,- ասել է Բակո Սահակյանը: Նա ընդգծել է, որ ԼՂՀ ստեղծումը նույնպես եղել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ հիմնարար նորմերին, ինչպես նաեւ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան:
«Ինչ վերաբերում է քաղաքական հիմնավորումներին, ապա իր գոյության շուրջ 20 տարում ԼՂՀ-ն գործնականում ապացուցել է, որ կայացած իրավական պետություն է, որը ժողովրդավարական զարգացմամբ առաջ է նույն Ադրբեջանից: Ընդ որում, մենք դրան հասել ենք սեփական ուժերով, առանց արտաքին միջամտության»,- ասել է նա:
ԼՂՀ նախագահի խոսքով, Հաագայի դատարանի` Կոսովոյի անկախությունը ճանաչելու որոշումն ունի կարեւոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաեւ համընդհանուր նախադեպային նշանակություն եւ չի կարող սահմանափակվել միայն Կոսովոյի օրինակով: «Միջազգային դատարանն իրավաբանորեն հաստատել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ դրա իրագործումը չեն հակասում միջազգային որեւէ իրավունքի որեւէ սկզբունքի կամ նորմի, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքին»,- նշել է Բակո Սահակյանը:
«Տվյալ որոշումը կարող է օգտակար լինել, հատկապես Ադրբեջանի համար: Անհրաժեշտ է ականջալուր լինել պատմական գործընթացների բանականությանն ու տրամաբանությանը, բանակցություններում, իսկապես կառուցողական դիրքորոշում որդեգրել եւ նայել ապագային, ոչ թե սեփական ժողովրդին կերակրել անցյալով:
Մենք ձգտելու ենք հասնել մեր անկախությանը, անկախ նրանից, թե այլ չճանաչված երկրները կճանաչվե՞ն, թե` ոչ: Եթե գոյություն ունեցող նախադեպերը դրական դեր խաղան այս գործընթացում, մենք միայն կողջունենք դա»,- ասել է Բակո Սահակյանը:
No comments:
Post a Comment