Friday, November 26, 2010

ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ

Երեկ բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել քաղբանտարկյալ, Հանրապետություն կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Նա պատասխանեց մեր մի քանի հարցերի:

-Վերջին շրջանում կարծես թե իշխանությունները սկսել են հերթով ազատ արձակել ընդդիմադիր գործիչներին: Ձեր ազատ արձակումն ինչպես կմեկնաբանեք:
-Զգացին, որ ժամանակն է… միայն ափսոսում եմ, որ ոչ մարդկայինով, այլ` պարտադրանքով զգացին:

-Ձերբակալելով ընդդիմադիր շատ հայտնի գործիչների, իշխանություններն ի՞նչ նպատակ էին հետապնդում, ու կարողացան արդյոք նրանք հասնել իրենց նպատակին:
-Նրանք կարծում էին, թե մեզ ձերբակալելով, մարդիկ կվախենան, բայց ժողովուրդը, մենք հուսախաբ արեցինք նրանց: Իշխանությունները չհասան իրենց նպատակին միայն այն պատճառով, որ տղաներից ոչ մեկը չկոտրվեց: Այս իշխանությունների նպատակը մեկն է` ահաբեկչությունը: Իսկ ապօրինի կերպով մարդուն կալանավորելը, իմ կարծիքով, նույնպես ահաբեկչություն է: Նրանք ցանկանում էին այդ ահաբեկչության միջոցով դրսում գտնվող մարդկանց լռեցնել, բայց իրենց արածն իրենց դեմ դուրս եկավ: Մեր սերունդը անցել է 88-ը, Ղարաբաղյան շարժումը, անցել է պատերազմը, նոր պետականության հիմնադրման փուլը, ապա մենք «եփված» ենք արդեն:

-Դուք արդեն երկրորդ անգամ եք հայտնվել քաղբանտարկյալի կարգավիճակում: Ի՞նչն էր պատճառը, որ Ձեր դեմ այդպես լարվել են:
-Իշխանությունները պարզապես գիտեն, թե որքանով է իմ կշիռը խանգարում իրենց հարամություններն ի հայտ բերելու առումով: Դրա համար էլ այդքան հաճախ են իմ մասին հիշում:

-Իսկ ձեր ընկերներին ինչո՞ւ են շարունակում այդպես համառորեն պահել բանտերում: Ո՞րն է նպատակը:
-Սրանք տղերքին չպահելու հնարավորություն այլեւս չունեն, որովհետեւ բացի ընդդիմությունից, հայ հասարակության պահանջից, նաեւ կան Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթեր, որոնց ազդեցության եւ պահանջի հիման վրա նրանք պարտավոր էին ազատ արձակել: Եվ նրանք մեծամասնությանն ազատ արձակեցին, իսկ մյուսների համար դրսում թուղթ ներկայացրին, թե նրանք իրոք հանցագործներ են: Միջազգային հանրությանը Դավիթ Հարությունյանը հիմա հավաստիացումներ կտա, թե մենք հանցագործներ ենք, ու կասի, որ մի մասին ազատեցին, իսկ սրանք իրոք հանցագործներ են, 5 տարի, 6 տարի, 7տարի պատժաժամկետ ունեն, դրա համար ենք պահել: Դա է պատճառը, որ իրենք իրենց թքածը չեն ուզում լիզել:

-Երբ դուք բանտում էիք, ընդդիմադիր ուժերը ձեւավորեցին Հայ ազգային կոնգրեսը: Ի՞նչ կարծիք ունեք Կոնգրեսի եւ շարժման վերաբերյալ:
-Ես բանտից տեսա, որ Հայաստանում կա գաղափարական ամուր շարժում, եւ որ իշխանությունները մեզ կալանելով, բանտերում պահելով` ավելի հզորացնում են շարժումն ինչպես գաղափարապես, այնպես էլ` հոգեպես: Ես տեսա ընդդիմության պայքարը, որը ես ընդունում եմ, որովհետեւ անընդհատ փոխվում է պայքարի ձեւը, բայց ոչ գաղափարը:

-Շարունակելո՞ւ եք պայքարը:
-Իհարկե: Շարժում է, պայքարում եմ շարժման ընթացքում, որ իմ ապրած երկրում ազատություն ու արդարություն լինի: Արածներիս համար չեմ ափսոսում, չարածներիս համար եմ ափսոսում: Կարմիր կովը երբեք կաշին չի փոխի:

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

«Լրագիր» 25-11-2010

No comments: