«Լրագիր» 31-7-2010- Ռուսաստանի կառավարությունն այդ երկրի նախագահ Մեդվեդեւին է առաջարկել արձանագրության մի նախագիծ, որով նախատեսվում է լրացում կատարել Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության մասին պայմանագրում: Համաձայն այդ լրացման, ռուսական ռազմակայանը պետք է ոչ միայն ՌԴ շահը պաշտպանի, այլ նաեւ ներգրավվի Հայաստանի անվտանգության ապահովման գործին, դրա համար Հայաստանին պետք է մատակարարի նաեւ ժամանակակից եւ համատեղելի ռազմական տեխնիկա:
Մոսկվայից ստացված այդ տեղեկատվությունը բավական հետաքրքրական է ու անակնկալ: Թե ինչպիսին է այն պաշտոնական Երեւանի համար, առայժմ հայտնի չէ, քանի որ պաշտոնական արձագանք կարծես թե դեռ չկա: Միգուցե Երեւանի համար էլ Ռուսաստանի այդ նախաձեռնությունն անսպասելի է: Իսկ գուցե անսպասելի չէ եւ Երեւանը հենց այդ մասին գիտենալով էլ հանգիստ էր արձագանքում Ադրբեջանին Ռուսաստանի C 300 զենիթային համակարգերի վաճառքի մասին տեղեկություններին, որոնք իհարկե այդպես էլ վերջնականապես ոչ հաստատվում են, ոչ հերքվում:
Ինչն է Ռուսաստանին մղում Հայաստանի հետ ռազմակայանների պայմանագրում լրացում կատարելուն: Այստեղ հարցը միարժեք չէ եւ կարող են լինել տարբեր հանգամանքներ: Օրինակ, թերեւս ամենեւին պետք չէ բացառել, որ գործ ունենք ներռուսաստանյան իշխանական պայքարի մի դրվագի հետ: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւն ու ՌԴ վարչապետ Պուտինը կարծես թե ունեն արտաքին քաղաքական, այդ թվում եւ Հարավային Կովկասի հանդեպ քաղաքականության տարբեր տեսլականներ: Պուտինի համեմատ, Մեդվեդեւը կարծես թե շատ ավելի փոխզիջումային տեսակ է եւ հակված է գերտերությունների հետ հարաբերության փոխզիջումային տարբերակների: Այդ փոխզիջումային մթնոլորտում կարելի էր նկատել միտումներ, որոնք կարծես թե տանում էին Հայաստանում Ռուսաստանի ազդեցության որոշակի թուլացման, ինչի դիմաց մեդվեդեւյան շրջապատը կարծես թե ստանում էր Ադրբեջանի հետ տնտեսական նավթագազային շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն:
Խոսքն այն մասին չէ, որ Մեդվեդեւը Հայաստանից հրաժարվում էր հանուն Ադրբեջանի: Պարզապես նկատելի էր, որ Մեդվեդեւը հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնք քիչ առնչություն ունեն Հայաստանի ազգային շահի հետ, մասնավորապես Ղարաբաղի հարցում, դրա դիմաց Ադրբեջանից ստանալով նավթագազային “պտուղներ”: Իսկ այդ իրողությունը Հայաստանին ստիպում էր բնականաբար գնալ դեպի Արեւմուտք, այնտեղ որոնելով Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն պահելու աջակցությունը: Ու թերեւս հենց Արեւմուտքի ջանքով օրակարգից դուրս եկավ 2010 թվականի հունվարի 25-ի Սոչին, որն այդքան դուր էր եկել Ադրբեջանին ու տհաճություն պատճառել Հայաստանին:
Իսկ Սանկտ-Պետերբուրգը վկայեց, որ Մեդվեդեւը նահանջում է իր այդ նախաձեռնողականությունից: Միգուցե այդ նահանջի պահն էլ փորձում է օգտագործել Պուտինն ու իր ազդեցությունը մեծացնել Ռուսաստանի արտաքին քաղաքական գծում, Մեդվեդեւին առաջարկելով արձանագրության նախագիծ, որով Ռուսաստանը անվտանգության ապահովման լրացուցիչ պարտավորություն կամ լծակ է ձեռք բերում Հայաստանի հանդեպ: Խնդիրն այստեղ հինավուրց Հայաստանի “սիրուն աչքերը” չեն, որոնք կարող էին դուր չգալ երիտասարդ Մեդվեդեւին, փոխարենը նախընտրելի լինել տարեց Պուտինի համար:
Խնդիրն արտաքին քաղաքական տեսլականներն են, որ ունեն Պուտինն ու Մեդվեդեւը, եւ որոնք ամենեւին էլ հետին պլանում չեն, որքան էլ որ արտաքին պլանում Պուտինը ավելի շատ զբաղված է երեւում ներռուսաստանյան խնդիրներով: Կասկած չկա, որ Պուտինը քաջ գիտակցում է, որ Ռուսաստանում եթե ոչ նախագահի պաշտոնին վերադառնալու, ապա գոնե նախագահի վրա ազդեցություն պահպանելու համար ինքը պետք է ազդեցություն ունենա նաեւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գծի վրա: Իսկ այդ գծի կովկասյան “հատվածի” համար առանցքային հարցը Ղարաբաղի խնդիրն է, թե Ռուսաստանի, թե, ի դեպ, Արեւմուտքի համար:
Հայաստանի անվտանգության ապահովմանը ներգրավվելու ռուսական նախաձեռնությունն ուղղված է կարծես թե առաջին հերթին հենց այդ խնդրին, ու դա կարծես թե պուտինյան տեսլականի նախաձեռնությունն է, ըստ որի ստատուս-քվոն ավելի նախընտրելի է Ռուսաստանի համար: Բանն այն է, որ Ռուսաստանը կարծես թե չուներ Հայաստանի անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերելու կաշկանդվածություն, քանի որ կար 1997 թվականի Մեծ պայմանագիրն ու նաեւ հավաքական անվտանգության պայմանագիրը: Հետեւաբար ակնհայտ է, որ Ռուսաստանի լրացուցիչ նախաձեռնությունը կարծես թե նպատակ ունի ընդգծել ստատուս-քվոն զենքով պաշտպանելու Ռուսաստանի հաստատակամությունը:
Խնդիրն այն է, թե ինչ կանի Մեդվեդեւը, ինչպես կվերաբերի կառավարության առաջարկին: Դատելով Սանկտ-Պետերբուրգում եռակողմ` Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման տրամաբանությունից, Մեդվեդեւը պետք է որ անսա կառավարության առաջարկին, քանի որ Ռուսաստանի այդ նախաձեռնությունը կարծես թե Սանկտ-Պետերբուրգի տրամաբանական շարունակությունն է:
Հետաքրքրական կլինի իհարկե, թե Ռուսաստանի նախաձեռնությանն ինչպես կարձագանքի Արեւմուտքը: Թերեւս Արեւմուտքը կսպասի Մեդվեդեւի արձագանքին: Թեեւ պետք չէ բացառել, որ Արեւմուտքը կփորձի ուղղորդել այդ արձագանքը եւ թույլ չտալ, որ Մեդվեդեւն արտաքին եւ ռեգիոնալ քաղաքականության առումով շեղվի դեպի պուտինյան ուղեգիծ: Իհարկե, կարող է թվալ, թե կա հակասություն այն առումով, որ չէ որ Արեւմուտքն ինքն էր կասեցրել Ղարաբաղի հարցում Մեդվեդեւի նախաձեռնողականությունը: Այո: Բայց Արեւմուտքը դա չէր արել Պուտինի նախաձեռնողականության համար ճանապարհ բացելու նպատակով:
Այդ ամենն իհարկե տարբերակներից մեկն է, որով կարող է բացատրվել Ռուսաստանի նախաձեռնությունը: Կան իհարկե այլ տարբերակներ եւս, որոնք կարող են լինել նախաձեռնության բուն պատճառ: Ավելին, Ռուսաստանի այս քայլը կամ մտադրությունը կարող է դիտվել ինչպես Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման լրացուցիչ գործոն, այդպես էլ հակառակը: Խնդիրն այն է, որ միգուցե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գործում իր մասնակցության լիազորությունն ընդլայնելու նախաձեռնությամբ է հանդես գալիս, այդպիսով Հայաստանի քաղաքականությունն իր համար էլ ավելի կառավարելի դարձնելու եւ այսպես ասած մեդվեդեւյան քաղաքականությանը դիմադրելու հարցում Հայաստանի դիմադրունակությունը սահմանափակելու նկատառումով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, July 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment