News.am. 31-7-2010- ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գրասենյակից տեղեկացրել են, որ դժվար թե Վեհաժողովի քաղաքական ղեկավարությունը հրաժարվի Ղարաբաղի խնդրի քննարկումից։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend-ը՝ հավանաբար նկատի ունենալով Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը`ուղղված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին: Այդ նամակում ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետեւաբար, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված որեւիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են:
ՆԱՏՕ ԽՎ-ում այս առնչությամբ ասել են, որ Մինսկի խմբի հետ խորհրդակցություններ պարբերաբար անցկացվում են, եւ նման վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մարտին՝ Երեւանում։ Ըստ ԽՎ-ի՝ Վեհաժողովը իրավասու չէ միջամտել միջազգայնորեն ճանաչված բանակցային գործընթացին, եւ այդ կառույցի նպատակը տվյալ դեպքում Մինսկի գործընթացին աջակցելն է: ՆԱՏՕ ԽՎ-ի գրասենյակը միաժամանակ փոխանցել է, որ ընդունվելիք բանաձեւը պարտադիր ուժ չունեցող քաղաքական հանձնարարական է եւ ընդամենը Խորհրդարանական վեհաժողովի անդամների կարծիքն է կոնկրետ իրավիճակում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:
Նշենք, որ ՆԱՏՕ ԽՎ-ի հերթական հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին՝ Վարշավայում: Հանդիպման ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի ընդունում։
Saturday, July 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment