Saturday, July 31, 2010

ՀԱ՜Յ ԶԻՆՎՈՐ, ՀԱ՜Յ ԶԻՆՎՈՐ

«Լրագիր» 30-7-2010- Ցանկացած պետության մեջ բանակը հասարակության օրգանական մի մասն է կազմում: Հաշվի առնելով, որ բանակն այնպիսի մի համակարգ է, որտեղ մի շարք իրավունքների դրսեւորումը կամ արգելված է, կամ էլ սահմանափակված է օրենսդրորեն, ապա պարզ է դառնում, որ բանակը հասարակության այն հատվածն է, որը գործում է որոշակի էքստրեմալ պայմաններում: Խոսքը, բնականաբար, ոչ պատերազմական իրավիճակի մասին է: Եթե մենք փորձենք պարզել, թե այսօրվա մեր հասարակության մեջ հատկապես ինչն է առավել մերժելի եւ անըդունելի, ապա մեծամասնությունը անշուշտ կպատասխանի, որ դա մարդու ստորացումն է: Որն իրականացվում է բոլոր բնագավառներում եւ բոլոր մակարդակներով: Բանակը, բնականաբար, չէր կարող զերծ մնալ այդ ախտից: Խորհրդային-ռուսական բանակից սահուն ձեւով ժառանգություն վերցրած հայտնի արատներին (հարբեցողություն, դեդովշչինա, զինվորին ձրի բանացնել եւ այլն) ավելացան եւ գումարվեցին արդեն մեր, զուտ տեղականները՝ չաստ նայել, մեռած հոգի պահել եւ պետակառավարման կրիմինալ բնույթից բխող բազմաթիվ այլ դրսեւորումներ: Եվ դրանցից ամենահիմնականը՝ մարդու ստորացումը: Ինչի վրա էլ, ի վերջո, փաստորեն, հիմնված է ցանկացած կրիմինալ բնույթի կառավարում: Կասկածից վեր է, որ հենց բանակում, որտեղ հավաքված է երիտասարդ տղամարդկանց մի հոծ բազմություն, կառավարման նման ոճն ի վերջո տալու էր իր պատռվածքները, բերելու էր այս կամ այն զորամասում պայթյունների: Մենք չենք պատրաստվում բերել ինչ որ թվեր, կամ այլ վիճակագրական տվյալներ: Կան ողբերգական միջադեպերի անմիջական մասնակիցներ, տուժողներ ու զոհեր, նրանց հարազատներ: Նրանց կողքին էլ կան նաեւ մեր բանակի ու պետության ղեկավարներ, որոնք ամենից լավ գիտեն ցանկացած ողբերգական միջադեպի բուն պատճառներն ու շարժառիթները: Եթե հավատանք պաշտոնապես հայտարարվող ինքնասպանությունների վարկածներին, ապա հիտլերյան կոնցլագերներում երեւի թե ավելի քիչ էին ինքնասպանության դեպքերը, քան մեր բանակում: Մենք մեր երեխաներին բանակ ենք ուղարկում եւ մեր վճարած հարկերով պահում ենք այդ բանակը, որպեսզի նա լինի մեր պետության անվտանգության գրավականը, այլ ոչ թե դառնա մեր զավակների ինքնասպանության վայրը, եթե նույնիսկ հավատանք պաշտոնական վարկածներին: Վերցնենք ամենաթարմ ողբերգական միջադեպը, Արտակ Նազարյանի զոհվելու փաստը: Աշխարհի ցանկացած բանակի համար պատիվ կլիներ ունենալ իր շարքերում Արտակի նման գրագետ եւ բարձր ինտելեկտի տեր երիտասարդ մի սպա: Բայց մեր բանակում այդ երիտասարդ արեւելագետը, չգիտես ինչու, «պրոբլեմներ» ունեցավ: Եվ մեծ հաշվով զուտ իրավաբանական խնդիր է, թե ինչպես է արձակվել մահացու գնդակը՝ իր, Արտակի ձեռքով, թե ուրիշի: Զուտ մարդկային, բարոյական տեսանկյունից նա սպանվել է, որովհետեւ նա եւ իր նմանները չեն տեղավորվում մեր այսօրվա բանակում ձեւավորված եւ գործող փոխհարաբերությունների շրջանակներում: Կարիք կա՞ արդյոք բացատրելու, որ նման միջադեպեր ծնող միջավայրն արդեն բանակ չէ, այլ մի զանգված, որի քաջագործությունները մեր ժողովուրդն արդեն տեսել է 1920-ի աշնանը: Իսկ նման բարքերով բանակ հանդուրժող հասարակությունն էլ դժվար է հասարակություն համարել: Մեր պաշտոնյաների կողմից ամեն օր հնչեցվում են մտքեր եւ իրականացվում քայլեր, որոնք փոքրիշատե նորմալ երկրում կպատժվեին քրեորեն՝ որպես հակահասարակական եւ հակապետական արարքի դրսեւորում: Սեփական բանակը այս վիճակին հասցնելը՝ հատկապես: ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր

No comments: