Saturday, July 31, 2010

Արցախի բանակը կարող է ռազմական գործողությունները տեղափոխել ագրեսորի տարածքի խորքը. Բակո Սահակյան

Tert.am. 30-7-2010- Երբեք չի կարելի բացառել ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային տարբերակը և մարտական գործողությունների վերսկսումը, հատկապես Ադրբեջանում չդադարող ռազմաշունչ հռետորաբանության և հակահայկական քարոզչության պայմաններում։ Այս մասին Interfax-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ որպես ասածի ապացույց նշելով շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները։ «Սակայն լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է։ Առաջին հերթին, հակամարտության կողմերի միջև գոյություն ունի ուժերի բավականին արդյունավետ հավասարակշռություն։ Երկրորդ, պատերազմը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ու դժվար թե միջազգային հանրությունը, մասնավորապես՝ միջնորդող երկրները շահագրգռված լինեն Հարավային Կովկասի նման կարևոր ռազմավարական տարածաշրջանում անկանխատեսելիությամբ ու անկայունությամբ»,- ասել է Արցախի նախագահը։ Միաժամանակ նա նշել է, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմական պատրաստվածության շատ բարձր մակարդակ ունի և զինված ուժերը ի վիճակի են ոչ միայն դիմադրել հնարավոր ագրեսիային, այլև «անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները տեղափոխել ագրեսորի տարածքի խորքը»։ «Սակայն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման ուժային տարբերակը անհեռանկարային է, և դա ցույց է տվել նախորդ պատերազմի փորձը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ջանքերն ուղղել ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալուն և լուծել այս հարցը բանակցությունների սեղանի շուրջ։ Ճանաչելով պատերազմը սեփական փորձով՝ մենք ավելի ենք գնահատում խաղաղությունը»,- ասել է Բակո Սահակյանը։

No comments: