Saturday, July 31, 2010

Ռուսաստանը հերքում է, քանի որ չի ցանկանում գրգռել Հայաստանին

News.am. 31-7-2010- Ռուսական իշխանությունները հավանաբար չեն ցանկանում հրապարակայնորեն գրգռել հայաստանցի գործընկերներին, այդ պատճառով էլ տեղեկատվություն չեն տրամադրում ռազմական տեխնիկայի մատակարարման ոլորտի գործարքների մասին: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հայտարարել է Ведомости թերթի թղթակից Ալեքսեյ Նիկոլսկին, ով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին S-300 PMU-2 Favorit հակաօդային հրթիռային համակարգի մատակարարման մասին հոդվածի հեղինակն է: Նիկոլսկին նշել է, որ կիսում է այն տեսակետը, որ ձեռք բերված սպառազինությունը սոսկ նախատեսված է Ադրբեջանը Իրանից պաշտպանելու համար: Հարցին, թե ի՞նչ կարող է ասել հայկական լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվության մասին, թե Ադրբեջանի տվյալ ռազմական գնումները ունեն հակահայկական ուղղվածություն՝ սկանդալային հոդվածի հեղինակը պատասխանել է. «Հասկանալի է, որ զենքի ցանկացած մատակարարում Ռուսաստանից Ադրբեջան մտահոգություն կառաջացնի Հայաստանում (հատկապես, որ նա Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է), եւ հակառակը` զենքի մատակարարումը Ռուսաստանից Հայաստան մտահոգություն կառաջացնի Ադրբեջանում: Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ, զենքի մատակարարման բոլոր հայտնի դեպքերը ապակայունացման բնույթ չեն կրել, ինչպես չի կրում նաեւ C-300-ի առաքումն Ադրբեջան: Գործնականում, ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը, չունեն զենքի համակարգեր, որոնց դեմ պայքարելու համար է առաջին հերթին նախատեսված C-300 համալիրը: Սակայն այնպիսի խոշոր քաղաքի, ինչպիսին Բաքուն է, եւ հարակից նավթարդյունաբերության պաշտպանության ապահովման համար C-300-ի գնումն առավել արդյունավետ լուծումն է` արժեք/արդյունավետություն չափանիշով»: Հիշեցնենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վյաչեսլավ Դավիդենկոն հերքել էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ տեղեկատվությունը: ««Ռոսօբորոնէքսպորտ»-ում նման գործարքի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Մեզ ոչինչ հայտնի չէ նման համաձայնագրի մասին»,-հայտարարել էր Դավիդենկոն:

No comments: