Tuesday, July 27, 2010

Բաքուն և Թբիլիսին քիչ շանսեր ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Ամերիկացի վերլուծաբան

Tert 27-7-2010- Վրաստանի և Ադրբեջանի շանսերը շատ փոքր են ՆԱՏՕ-ի անդամակցության համար: Այս մասին, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել է ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Էյզենբերգի ինստիտուտի տնօրեն, Չիկագոյի համալսարանի քաղաքական և պատմական գիտությունների պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Ռոնալդ Գրիգոր Սանին: «Ռուսաստանի և Վրաստանի միջև ծագած պատերազմը հիմք է տալիս մտածելու, որ ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը շատ քիչ շանսեր ունենա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Եվ քանի դեռ Ռուսաստանն առավելություն ունի Կովկասում, և Հարավային Կովկասի երկրները Ռուսաստանից թույլ են, ՆԱՏՕ-ի շանսերը փոքր են տարածաշրջանում իր ներկայությունը զգացնել տալու համար»,- ասել է ամերիկացի փորձագետը: Ի պատասխան այն հարցին, թե «Մի շարք վերլուծաբաններ անհանգստացած են երկու տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած պատերազմի արդյունքում տարածաշրջանային անվտանգության խախտման առնչությամբ: Արդյո՞ք կիսում եք այդ մտավախությունը», ամերիկացի փորձագետը հայտարարել է. «Իրավիճակը որոշ չափով կայունացել է: Ռուսաստանը հասավ ավելիին, քան ուզում էր: Իսկ ներկա փոլում Վրաստանը պետք է ընդունի իրողությունը: Միացյալ Նահանգները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները ոչ Ռուսաստանի, ոչ էլ Վրաստանի հետ, այդ պատճառով էլ զգույշ են գործում: Իսկ Միխեիլ Սաակաշվիլին, որդեգրելով սպասելու դիրքորոշում, բացարձակ անտարբերություն է ցուցաբերում: Եվ կարծես այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե նա զբաղված է բոլորովին այլ հարցերով: Նոր պայթյունի հավանականությունը մեծ է, սակայն մոտ ապագայում, հնարավոր է, դա տեղի չունենա»: Պատասխանելով այն հարցին, թե «Ինչպե՞ս կարող են Հարավային Կովկասում համագործակցել Միացյալ Նահագներն ու Ռուսաստանը», Ռոնալդ Գրիգորի Սանին ասել է. «Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն ցանկանում են համագործակցել: Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են այդ երկու պետությունների շահերը… Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, ցուցադրելով բարի նպատակներ, կարող են զարգացնել համագործակցությունը` լուծելով տարածաշրջանային հակամարտություններից մեկը` օրինակ ղարաբաղյան հիմնախնդիրը»:

No comments: