Thursday, July 1, 2010

Ուղղափառության վեհաժողով. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմամբ

News.am. 30-6-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային սկզբունքներին համապատասխան, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմամբ։ Այս մասին ասվում է Երեւանում կայացած՝ Ուղղափառության միջխորհրդարանական գլխավոր ասամբլեայի (ՈՒՄԳԱ) 17-րդ տարեկան խորհրդաժողովի բանաձեւում։ ՈՒՄԳԱ-ն միաժամանակ դատապարտում է ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելը։ Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում տարածաշրջանում քրիստոնեական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կապակցությամբ։ Բանաձեւում նշվում է նաեւ տարածաշրջանում հայ ժողովրդի կողմից ստեղծված բոլոր հուշարձանների հնարավոր ոչնչացման մասին։ Վեհաժողովի մասնակիցները նաեւ մտահոգություն են հայտնում ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ, եւ հայտնում իրենց հավատարմությունը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը։ Փաստաթղթում նշվում է, որ ՈՒՄԳԱ-ն դատապարտում է հայկական քրիստոնեական արժեքների՝ եկեղեցիների, վանքերի ոչնչացման դեպքերը, որտեղ էլ որ դրանք լինեն։ Նշենք, որ նշված փաստաթղթի քննարկումը բուռն արձագանքների է արժանացել։ Հունական պատվիրակության պնդմամբ բանաձեւի սկզբնական տեքստից հանվել է «Ադրբեջան» բառը՝ կապված ռազմատենչ հայտարարությունների տարածման եւ հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման հետ։ Հունական պատվիրակները իրենց դիրքորոշումը հիմնավորել են՝ նշելով, թե առանց Ադրբեջան բառի հիշատակման էլ հասկանալի է, որ հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման ու ռազմատենչ հայտարարությունների հեղինակը այդ երկիրն է։ Թեժ քննարկումներից հետո հունական պատվիրակության առաջարկն ընդունվել է։

No comments: