Գորդոնը մանրամասնում է Քլինթոնի այցելությունը Կովկաս, բայց մանրամասներ չի տրամադրում
«ԱԶԳ», 01-07-2010- Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան կայցելի հուլիսի 4-5-ը: Այդ մասին պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում հայտնել է պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը :
Նրա խոսքերով, Հայաստանում Քլինթոնը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պետքարտուղարը հանդիպելու է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հարցեր:
Պետքարտուղարի տեղակալը հաստատել է, որ Հայաստանի ղեկավարության հետ Քլինթոնի հանդիպումների ժամանակ քննարկվելիք հարցերի թվում են լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Հիլարի Քլինթոնը Հայաստան է այցելելու Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան այցելություններից հետո, իսկ Երեւանից էլ մեկնելու է Վրաստան: Ի տարբերություն նախորդ տեղեկությունների, որոնցում չէր մանրամասնվում Հայաստան, Ադրբեջան այցելությունների օրակարգի թեմատիկան, կայացած ճեպազրույցում Գորդոնը որոշ մանրամասներ հաղորդել է քննարկելիք հարցերի մասին:
Մասնավորապես, հունիսի 18-19-ին տեղի ունեցած միջադեպի եւ դրա ֆոնին Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեն մեծացնելու փաստի առնչությամբ հարցին, թե արդյոք Քլինթոնը Բաքվում կխոսի՞ այդ մասին, Գորդոնը, ըստ պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված սղագրության, արձագանքել է, թե ԱՄՆ-ը տեղյակ է միջադեպի մասին: Պետքարտուղարի տեղակալը նաեւ ավելացրել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է այդ հարցով: «Կարծում եմ, վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած բռնությունը ցույց է տալիս, որ մենք չենք կարող ընդունել, թե կայունությունը երաշխավորված է», ասել է Գորդոնը:
Իսկ կայունության համար, պետքարտուղարի տեղակալի խոսքերով, անհրաժեշտ է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հավատարիմ մնան Մինսկի խմբի գործընթացին:
Ղարաբաղյան գործընթացի ներկա վիճակի գնահատման փորձ անելով` պետքարտուղարի տեղակալը նշել է, թե գործընթացը մի փոքր դանդաղել է, ինչն այն իրավիճակը չէ, որ կցանկանային ունենալ: Իսկ որ ամեն մի պահի հնարավոր են բռնության դեպքեր, ըստ Գորդոնի, մեծապես մտահոգում է ԱՄՆ-ին:
Լրագրողների խնդրանքով Գորդոնն անդրադարձել է նաեւ Ադրբեջանին Հայաստանի նախագահի արած առաջարկությանը` ուժ չկիրառելու մասին համաձայնագիր ստորագրելու առնչությամբ: Թե Հայաստանի այս առաջարկի եւ Ադրբեջանի անարձագանք կեցվածքի կապակցությամբ ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ պետքարտուղարությունը եւ արդյոք այս հարցը դառնալո՞ւ է Հայաստան եւ Ադրբեջան Հիլարի Քլինթոնի այցելությանը քննարկելիք թեմա, Գորդոնը միայն փաստել է, թե երկու կողմերն էլ իրենց համաձայնությունն են հայտնել Հելսինկյան սկզբունքներին:
Գորդոնը դրանցից առաջնային է համարել ուժի չկիրառման սկզբունքը: «Մենք կաջակցենք, որ կողմերը վերահաստատեն իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին», ասել է պետքարտուղարի տեղակալը: Նրա ներկայացմամբ, Հայաստան եւ Ադրբեջան այցելությունների ընթացքում քննարկվելու հավանականություն ունեն նաեւ այն դրույթները, որ տեղ էին գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների նախագահներիՙ Կանադայում արված հայտարարությունում:
Գորդոնի տեղեկացմամբ, այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռեւս մեծացնում է ռազմական բյուջեն, իսկ ռազմատենչ հայտարարությունները դեռեւս կրկնվում են, եւս մտահոգում է Միացյալ Նահանգներին: «Մենք մտահոգ ենք բռնության յուրաքանչյուր դեպքի առումով... Որեւէ մեկը չի կարող կայունությունը համարել երաշխավորված, երբ այսպիսի ռազմական հակազդեցություն ու տարաձայնություններ կան: Սա էլ, իր հերթին, ցույց է տալիս, թե ինչու ենք մենք աջակցում Մինսկի խմբի գործընթացին: Սա պետքարտուղարի տարածաշրջանային այցելության նպատակներից մեկն է` խոսել կողմերի հետ այն մասին, թե ինչպես առաջ մղել գործընթացը», ասել է Ֆիլիպ Գորդոնը:
Պետքարտուղարի տեղակալին խնդրել են խոսել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների քննարկման հավանականության մասին, երբ ԱՄՆ պետքարտուղարը կլինի Հայաստանում: Գորդոնը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները հաստատապես քննարկվելու են Երեւանում: Նրա խոսքերով. «Սա պետքարտուղարի համար հնարավորություն էՙ խոսելու նախագահ Սարգսյանի եւ հայերի հետ, թե ինչպես են նրանք տեսնում իրավիճակը: Մենք հավատում ենք, որ լավ կլինի, եթե արձանագրությունները վավերացվեն եւ կյանքի կոչվեն` Թուրքիայի հետ բաց սահմանով, ինչից կշահի ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան»:
Այս հարցում ընդգրկված այն հատվածին, թե հայ-թուրքական գործընթացից դժգոհում է Ադրբեջանը, եւ արդյոք Բաքու այցելությանը քննարկելո՞ւ է այս հանգամանքը, Գորդոնը որեւէ կերպ չի արձագանքել:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment