
«Լրագիր» 30-6-2010- Երեք նախագահների հայտարարության մեջ ներկայացված սկզբունքների իրականացումը այլ բան չի նշանակում, քան ղարաբաղյան հայության ոչնչացում, քանի որ այդպիսի առաջարկվող պայմաններում ազգությամբ հայ ոչ մի մարդ չի ցանկանա մնալ Լեռնային Ղարաբաղում:
Չկա ոչ մի կասկած այն մասին, որ ամերիկացիները, ֆրանսիացիներն ու ռուսները հիանալի գիտեն, թե ինչ է նշանակում հայերի համար մադրիդյան սկզբունքների իրագործումը: Եվ այնուհանդերձ, այդ հայտարարությունն ընդունվում է, իսկ դրանից հետո էլ տարածաշրջան է գալիս ԱՄՆ պետքարտուղարը: Հայ բնակիչները, ի դեմս քաղաքական գործիչների եւ լրագրողների, խղճուկ փորձեր են անում այդ հայտարարության անգլերեն եւ ռուսերեն տեքստերի տարբերություններն ու տարընթերցումները հասկանալու համար: Դժվար է այդ իրավիճակում հնարել առավել ծիծաղելի եւ նվաստացուցիչ փորձեր: Ընդ որում, մանրուքներում տարբերությունների փնտրտուքը նշանակում է լիակատար շփոթվածություն եւ ցանկություն ցույց տալ, որ ինչ որ մեկը զբաղվում է քաղաքական վերլուծությամբ: Ինչն է ուրեմն սպասվող “ղարաբաղյան աղետի” իմաստը:
Ընթացիկ տարվա փետրվարին ու մարտին, մի վերլուծական հանրության շրջանակում, ես որպես ակտուալ վերլուծության առանցքային հարց առաջ քաշեցի, թե ինչքանով կարելի է սպասել ԱՄՆ եւ Ռուսաստանի “գործարքի”, ռեգիոնալ քաղաքականության առումով: Այդ հարցի կապակցությամբ մեծ աշխատանք էր կատարվել, սակայն դրա արդյունքն այդպես էլ անհասկանալի մնաց բավական պրոֆեսիոնալ բանավեճի մասնակիցների համար: Պետք է ասել, որ “գործարք” ինչպես չի եղել, այդպես էլ չկա: “Գործարք” պարզապես սկզբունքորեն չի կարող տեղի ունենալ, քանի որ այլապես անիմաստ կդառնային ԱՄՆ եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական վարքի շատ գծեր:
Դեռեւս աշնանը պարզ դարձավ, որ Արեւմտյան հանրության առաջատար տերությունները, չեն ընկալում ՌԴ ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւին որպես քաղաքական գործիչ, որի վրա կարելի է խաղադրույք կատարել Ռուսաստանի հետ երկարատեւ հեռանկարի հաշվարկով հարաբերության ծավալման հարցում: Անցյալ տարվա նոյեմբերին, վերադառնալով Լոնդոնից, մեդվեդեւյան փորձագիտական թիմի ուղղորդող մենեջեր Իգոր Յուրգենսը եկավ եզրակացության, որ Արեւմուտքում (թե անգլո-սաքսոնական, թե եվրոպական պետություններում), քաղաքական գործիչները չեն շտապում Մեդվեդեւին ընդունել որպես գործունակ գործընկերոջ: Դմիտրի Մեդվեդեւը եւ նրա մարդիկ բազմիցս ազդակներ տվեցին կոնֆորմիստական դիրքորոշում որդեգրելու պատրաստակամության հետ կապված:
Բայց ռուսների հետ ավելի “պրիվատ” հարաբերության հաստատման այլ վարիացիաներ Արեւմուտքում դեռեւս չկան: Դրա հետ միաժամանակ, Բարակ Օբամայի թիմը բավական հետաքրքրված է ցույց տալ “աշխարհին եւ Ամերիկային” իր հաջողություններն արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում եւ Եվրասիայի ուղղությամբ: Բայց դա հնարավոր է անել միայն Ռուսաստանի հետ համագործակցելով, քանի որ ներկայիս փուլում ԱՄՆ մտադիր չէ ակտիվանալ այս սուպերռեգիոնում: Չնայած այն բանին, որ ԱՄՆ դադար է տալիս Արեւելյան Եվրոպայի ուղղությամբ իր քաղաքականության մեջ, խնդիրները մնում են, եւ ընդհանրապես չարձագանքել դրանց ամերիկացիները չեն կարող: Կարեւորագույն խնդիր ավելի ու ավելի դառնում է Թուրքիայի քաղաքականությունը, եւ ԱՄՆ մինչ այժմ փորձում է սպասել եւ համբերել մինչ այդ երկրի հետ հարաբերության լավ օրեր: Բայց ԱՄՆ պետք է ցուցաբերի, որ ընդունակ է “կարդալ” թուրքական շահերը եւ կուզեր ապացուցել դա Կովկասում զիջումների եւ նախաձեռնությունների մասով:
Ռուսաստանը նույնպես դեմ չէ եւ նույնիսկ կուզեր ծառայություն մատուցել թուրքերին, առավել եւս, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ մրցակցությունը թուրքական ուղղությամբ մնում է ակտուալ: Այդպիսով, ԱՄՆ եւ Ռուսաստանը փորձում են “հանձնել” հայերին, ընդ որում լիովին, հանուն ռեգիոնում մոտակա նպատակների հասնելուն, հուսալով, որ բացի Թուրքիայի հետ հաշտեցումից եւ հարաբերության կարգավորումից, երկու տերությունները ընդհանուր շահեր կգտնեն Կովկասում եւս: Ընդհանուր հետաքրքրությունները պահպանելը դժվար է, եւ Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան կոչված է ցույց տալ ԱՄՆ առավելությունները եւ տարբերակվող շահերն ու մտադրությունները:
Դմիտրի Մեդվեդեւն արդեն բավականաչափ արտահայտվել է այն հաշվով, որ Օսիայի եւ Աբխազիայի իրավիճակն ընդամնեը իրավիճակ է եւ կարող է փոխվել ժամանակի հետ: Ամերիկացիները բավականաչափ համոզիչ ազդանշաններ է ստացել, որ Վրաստանը, նույնիսկ Սահակաշվիլիի իշխանության օրոք, կարող է հուսալ, որ կլուծվեն իր ամենակարեւոր երկու խնդիրները: Միաժամանակ, օսական, աբխազական եւ ղարաբաղյան խնդիրներն, իհարկե, վերահսկվում են, սակայն ամենեւին էլ ոչ ռուսների, ոչ էլ ամերիկացիների գրպանում չեն: ԱՄՆ, Ֆրանսիան եւ ռուսաստանը շատ լավ հասկանում են, որ Մադրիդյան սկզբունքները ցանկացած տարբերակով հայերի համար ազգային աղետ են, եւ շատ դժվար կլինի այդ խնդիրը լուծել նման քաղաքական կերպով: ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին առայժմ պետք է ցուցադրական, ոչ թե իրական քաղաքականություն: Կարգավորման իմիտացիայի շարունակումը լիովին հնարավոր է, թեեւ դա էլ հեշտ խնդիր չէ: Թեեւ մնում է նաեւ բավական վտանգավոր հեռանկար, եթե այնուամենայնիվ Թուրքիայի հետ խաղերը ԱՄՆ-ից ու Ռուսաստանից պահանջեն սեղմել Հայաստանին, եւ ի վերջո հայերին ստիպեն հեռանալ Ղարաբաղից` կամ հայկական ներկայիս ղեկավարության “լեգիտիմության սերտիֆիկատի” դիմաց, կամ էլ նրանց այլ մարդկանցով փոխարինելու ճանապարհով:
Այսպիսով, պնդել, թե ներկայիս վիճակը, երբ ոչ ԱՄՆ, ոչ էլ Ռուսաստանը թույլ չեն տալիս “ղարաբաղյան աղետը”, կարող է փոխվել, եւ նման հեռանկարը երկու տերությունները լիովին կարող են թույլ տալ: Իսկ ինչի՞ց է կախված “աղետն” իրագործելու` ամերիկացիների ու ռուսների դիրքորոշումն ու պատրաստակամությունը: Մեծամասամբ, դա կախված կլինի թուրք-ադրբեջանական դաշինքի ճնշումից եւ հայերի համառությունից: Բանը հասնում է հենց նման իրականությանը: Հակառակորդն ու աշխարհի ուժային կենտրոնները ավելի քան բավարար փաստարկներ ունեն: 16 տարի շարունակ հայկական ղեկավարությունն արտաքին բոլոր առաջարկներին այո եւ միայն այո է ասել: Եւ ահա ներկայում, աղետի շեմին Հայաստանի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է մեկնել Ղազախստան` բանակցություն վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Եւ դա` հունիսի 18-ին բացահայտ բանդիտական հարձակումից հետո:
Տվյալ իրավիճակը կարող է հանգիստ խափանվել ու տապալվել, քանի որ հենց այդ պահին, այդ գործընթացի հաջողությունը կախված է Հայաստանից, առայժմ կախված է: Մադրիդյան սկզբունքների եւ համանախագահ երեք երկրների նախագահների հայտարարության հանդեպ Հայաստանի մերժողական վերաբերմունքը լիովին ընդունելի կլիներ մեծ տերությունների հանդեպ: Դա չի արվում, շարունակվում է համաձայնողական դիրքորոշումը, եւ այդ պատճառով ղարաբաղյան աղետը (արդեն առանց չակերտների) մոտենում է: Ինչ որ մեկը, 12-ամյա լռությունից ու կոնֆորմիզմից հետո, հիշել է Հայաստանում հանրաքվեի մասին: Այո, բայց որն է լինելու հանրաքվեի արդյունքը: Օրինակ, Ղարաբաղում խորհրդարանի վերջին ընտրությունը դարձավ խոնարհման ու պնակալեզության օրինակ: Այդ ընտրությունն ընդհանրապես չի էլ եղել, եւ ճիշտ են նրանք, ովքեր դա չեն ճանաչում: Չի կարելի այդքան երկար ստորացնել ու ոչնչացնել հայկական հոգին, հույս դնելով հանրաքվեի վրա: Հանրաքվեն կապիտուլյացիայի վերջին փուլն է: բոլորս գիտենք, թե ինչպես է զգում միջին վիճակագրական հայկական հոգին, երբ նա ընտրության ժամանակ անցնում է վարագույրի հետեւը, կարծես փարանջա հագնելով:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
No comments:
Post a Comment