Saturday, July 31, 2010

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ

«Լրագիր» 30-7-2010- Հայտնի մարդու հայտնի խոսքը, թե “Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է”, արդեն վաղուց դադարել է որեւէ մեկին զարմացնել եւ համարվել ինտելեկտի եւ գիտելիքի չափանիշ: Հատկապես Հայաստանում: Բանն այն է, որ այդ խոսքն արդեն թե բոլորին է հայտնի, թե նաեւ բոլոր-բոլորը իրենց կյանքի ընթացքում կարողացել են գործնականում տեսնել այդ խոսքի իրավացիության հաստատումը: Հատկապես Հայաստանում: Հայրենասիրությունը վերածվել է “ինտերյերի”, որը հարստացվում է “ազգասիրական” եւ “հայրենասիրական” տարբեր կոչերով, լոզունգներով, որոնց շղարշի ներքո իրականում տեղի են ունենում նույն ազգի եւ հայրենիքի, հայոց պետականության դեմ կատարվող ծանր հանցագործություններ. կեղծվում են ընտրությունները, սահմանափակվում են քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, դրանց համար պայքարը ենթարկվում է ոստիկանական եւ սափրագլխային բռնության` երբեմն մահվան ելքով, “վասն հայրենիքի եւ ի սարսափ” թշնամու կարգախոսի տակ քվոտավորվում, օլիգարխացվում եւ մենաշնորհվում է հայրենիքի տնտեսությունը, քաղաքական կյանքը, կոռուպցիայի մեջ թաղվում են ուժային կառույցները, իրավապահ, դատական համակարգերը: Հայրենասիրության, “թշնամու ջրաղացին ջուր չլցնելու” անվան տակ քաղաքացիներին կոչ են անում լռել այդ համակարգերում առկա իրավիճակի, արատների, տեղի ունեցող սպանությունների եւ բռնությունների մասին: Թշնամու կերպարը Հայաստանի կյանքում դարձել է ներերկրային արատավոր համակարգի պահպանման կարեւորագույն գործոններից մեկը, որի քողի տակ կամ հանցանքներ են գործվում եւ դրանց մասին լռություն պարտադրվում, կամ հասարակության ուշադրությունն է շեղվում ներքին կարեւոր խդիրներից, կամ էլ պարզապես փորձ է արվում թշնամու առկայությունը դարձնել ապագա սերնդի գոյության իմաստ, որպեսզի հանկարծ այդ սերունդն իր կյանքը “ինքնագլուխ” չիմաստավորի որեւէ այլ արժեքով կամ կողմնորոշիչով: Ու կարծես թե արդեն իսկ նկատվում է երիտասարդ սերնդի վրա այդ էժանագին հայրենասիրական “դասընթացների” ազդեցությունը: Հիշում եք, Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան ցուցադրությունը: Երբ գալիս էր ադրբեջանցի երգչուհու հերթը, մեր հաղորդավարներ Խորեն Լեւոնյանն ու Հրաչուհի Ութմազյանը նույնիսկ չէին էլ տեղեկացնում, որ այժմ երգում է Ադրբեջանը: Լռում էին սկզբից մինչեւ վերջ, կարծես այդ պահին բեմում ոչ ոք չկար: Գավառական այդ քինախնդրությունը պետք է որ հատուկ լիներ պարտված ազգերին, ինչպես օրինակ ադրբեջանցիները, որոնց քինախնդրությունը չափ ու սահման չի ճանաչում: Զարմանալի է սակայն, որ հաղթող ազգը չգիտես ինչու փորձում է նույն “դրամով” վերադարձնել պարտքը, ընկնելով այդ էժանագին գավառականության, ադրբեջանական քինախնդրության ջրերը: Դա ամենեւին չի նշանակում, որ պետք էր ծափ զարկել ու ողջունել ադրբեջանցի մասնակցին, սակայն եթե ընդամենը նշվեր, որ այժմ Ադրբեջանի մասնակիցն է երգում, դրանից մեզ ոչ մի վատ եւ նվաստացուցիչ բան չէր լինի, որովհետեւ մենք դրսեւորած կլինեինք ընդամենը մեր հաղթողի վեհությունը: Բայց սերունդը սերունդ չէր լինի, եթե էժանագին հայրենասիրության ճանապարհին չարձանագրեր նոր “նվաճումներ”: Իսկ դրան հնարավորություն եղավ ականատես լինելու հուլիսի 29-ին “Նոր ալիք”`“Նովայա վոլնա” երգի մրցույթի հեռարձակման ընթացքում: Եթե Եվրատեսիլի հեռարձակմանը Լեւոնյանն ու Ութմազյանը ընդամենը լռում էին Ադրբեջանի ելույթի ժամանակ, ապա այստեղ արդեն Ֆելոն ու երգչուհի Սյուզի Մելիքյանը խոսում էին, անդադար, ամբողջ ելույթի ընթացքում, անկաշկանդ, անբռնազբոս, թույլ չտալով ունկնդրել երգը: Հիրավի, հայրենասիրության փայլուն դրսեւորում, որը սակայն ավելի շատ հատուկ է պարտված, թույլ, նեղացած, վիրավոր, կոմպլեքսավորված, նոր սերնդին ավելի հասկանալի լեզվով ասած` “օբիժնիկ” ազգի ներկայացուցիչներին, քան ազգին, որը 20-րդ դարը փակել է պատմական ու փայլուն հաղթանակով: Ամբողջ խնդիրը թերեւս հենց այն է, թե ինչին է ծառայել այդ հաղթանակը: Օրինակ, այդ պատմական եւ փայլուն հաղթանակը կարող էր ծառայել հզոր, մրցունակ, ազգային կյանքը հարստացնող համամարդկային արժեքների վրա հիմնված պետականության կառուցման գործին, որտեղ էժանագին հայրենասիրության մասին խոսելու ժամանակ ու կարիք չէր լինի, որովհետեւ դա քարոզող “վերնախավը” զբաղված կլիներ պետություն կառուցելով եւ հզորացնելով, ոչ թե պետության դեմ հանցագործությունները հայրենասիրությամբ շղարշելով, ինչպես հիմա: Հայրենասիրությունը պոռոտ խոսքերն ու պաթոսային կարգախոսները չեն, “ես սիրում եմ իմ երկիրը” գույնզգույն երգերը չեն: Հայրենասիրությունը գործն է, օրինապաշտությունն է, իրավական գիտակցությունն է, քաղաքացիությունն է: Իսկ ինչով որ զբաղվում է “վերնախավը”, դրանով էլ կամա թե ակամա կրթվում է ապագա սերունդը: Խնդիրն էլ հենց այն է, որ հաղթանակը Հայաստանում ոչ մեկին չկրթեց, կամ կրթեց շատ քչերին: Մնացյալը պարզապես հաղթանակը դարձրին իրենց “կրթության” վճարամիջոց, ու ամեն ինչ կամաց կամաց սկսեց հասնել պարտվածների մակարդակին, հոգեբանությանը, սկսեցին կապկել ու ընդօրինակել, “սովորել” պարտվածներից, ոչ թե հաղթողներից: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: