Saturday, July 31, 2010

ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ԹԻՐԱԽԸ

«Լրագիր» 30-7-2010- Հայաստանի քաղաքական դաշտի փոխակերպումներն ունեն որոշակի տրամաբանություն, որոնք փուլ-առ փուլ կրկնվում են: Կարծես թե մեզ սպառնում է հերթական «ի շրջանս յուրը»: «Փուլերը»` նախագահական և դրանց նախորդող խորհրդարանական ընտրություններն են: Դրանց «տրամաբանությունը»` իշխանական ուժերի և ընդդիմության վերադասավորությունների որոշակի օրինաչափությունները: 1995-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին Վազգեն Մանուկյանի կողմից մինչ այդ գլխավորած «Ազգային Դաշինքից» տրոհված խմբերր, որնց մեջ էր նաև Հանրապետականը, այսօրվա տերմինով ասած ձևավորեցին իշխանական «կոալիցիան»: 96-ի ընտրությունների ժամանակ համառ լուրեր էին պտտվում, որ Վազգեն Սարգսյանը «տակից» օգնում էր Մանուկյանին: «Փչացված» նախագահի կախվածությունը իր շրջապատից մեծացավ, որը հանգեցրեց 98-ի «իշխանափոխությանը»: 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախկին ընդդիմությունն արդեն կողմնորոշվում էր իշխանության մեջ ձևավորված երկու բևեռների միջեւ` Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան թևը մի կողմից, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան թևը` մյուս կողմից: 96-ի ընդդիմադիրների մեծամասնության լիդերները դարձան Քոչարյան նախագահի խորհրդականները: 99-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սարգսյան-Դեմիրճյան թևի հաղթանակը պետք է կանխորոշեր հաջորդ նախագահի անունը, սակայն հոկտեմբերի 27-ը փոխեց զարգացումների տրաբանությունը, և պատահական չէր, որ Սարգսյան-Դեմիրճյան թևի կուսակցությունները կազմեցին հաջորդ ընդդիմության կորիզը` ՀԺԿ-ն և Հանրապետականից բաժանված Հանրապետություն կուսակցությունը: Հանրապետականների մեծամասնությունը «ճիշտ» կողմնորոշվեց և դարձավ այն հիմնական ուժը, որի գործունեությամբ կանխորոշվեց 2003-ի նախագահական ընտրությունների «արդյունքը»: 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականը ջախջախիչ հաղթանակ տարավ ընտրությունների ժամանակ, որի արդյունքով «կանխորոշվեց» հաջորդ նախագահական ընտրությունների ելքը: Ըստ մինչ այժմ ստեղծված ավանդույթի, Նախագահի ընտրությունների ժամանակ պարտված քաղաքական ուժերը հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համալրում են իշխանության տարբեր թևերը: Ըստ այդ տրամաբանության, 2012-ին ներիշխանական պայքարը կորոշի նախագահական պալատի հաջորդ տիրոջը: Իսկ ո՞րն է լինելու ընդդիմության կամ ընդդիմությունների դերը հաջորդ խորհրդարանականի ժամանակ: Հետընտրական ավանդույթները մեզ հուշում են, որ չափազանց մեծ է նախորդ զարգացումների կրկնության իներցիան: Եվս մեկ կարևոր դիտարկում` յուրաքանչյուր փուլում իշխանության լծակներից բաժին է ստանում ոչ միայն ընդդիմության ավելի ճարպիկ հատվածը, այլև իշխանությունից հեռացվում են նրան սպասարկող որոշ քաղաքական կուսակցություններ և որպես օրինաչափություն, գլխավոր հարվածը ստանում է ամենաառանցքային կուսակցությունը: ԱՐՏԱԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

No comments: