Saturday, July 31, 2010

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ

Կամ էլ խեղաթյուրված է «զգոն» թուրքի առանց այդ էլ հիվանդագին երեւակայությունը «ԱԶԳ», 31-07-2010- «Ազգի» հուլիսի 27-ի համարում Իգդիրում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» նախագահ Գյոքսել Գյուլբեյի, կրթության նախարար տկն Նիմեթ Չուբուքչուին հասցեագրած նամակին անդրադառնալիս, գրել էինք, որ հայկական դավադրության որոնումները հիվանդագին բնույթ են ստանում Թուրքիայում, ընդգծելով. «Դա թերեւս պայմանավորված է թուրքական հասարակության ենթագիտակցության մեջ ամրապնդված հանցագործի հոգեբանությամբ»: Ինչո՞ւ: Որովհետեւ Գյուլբեյը նախարարի միջոցով փորձում էր ճշտել, թե Ստամբուլի հայկական վարժարաններում արդյոք հակաթուրքական քարոզչություն չի՞ ծավալվում, հայերեն դասագրքերը հարմարեցված չե՞ն այդ քարոզչության նպատակներին եւ աշակերտների շարքերում չկա՞ն հայաստանցի երեխաներ: Այլ կերպ, «Հայկական անհիմն պնդումների միության» նախագահի մտայնությամբ, հայկական վարժարանները, որոնք ընդամենն ունեն 2 հազարից մի քիչ ավելի աշակերտներ, սպառնալիք են ավելի քան 70 միլիոնանոց թուրքական պետության համար: Մինչդեռ հայկական վարժարանները Ստամբուլում են, իսկ միությունը գործում է Իգդիրում: Կամ 15 միլիոնանոց Ստամբուլում թուրք չկա, որ գիտակցի Թուրքիայի հանդեպ այս վարժարաններից բխող վտանգը, ինչպես Գյուլբեյն է գիտակցում է, կամ էլ հայկական դավադրության որոնումները թուրքական իրականության մեջ համադրվում են հայատյացության դրսեւորումների հետ եւ խեղաթյուրում «զգոն» թուրքերի երեւակայությունը: Երեւույթն իհարկե աննորմալ է, սակայն ոչ եզակի: Մեկ այլ աննորմալություն էլ Ստամբուլի արվարձաններից Փենդիքի «Սոնսոզ» կայքէջում հրապարակել է Թուլայ Հերգյոնլուն: Հուլիսի 27-ի հրապարակման մեջ ահա թե ինչ է գրել. «Անգլիական «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացրել է, որ այն խաչը, որն առաջիկա սեպտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրվելու է Վանա լճի Աղթամար կղզու հայկական եկեղեցու վրա, այլեւս չի հանվելու: Արեւմտյան երկրները, որոնք դարեր շարունակ ջանք չէին խնայում, որ Անատոլիան դառնա քրիստոնեական երկիր, չեն հրաժարվել այս նկրտումից: Դրա վառ ապացույցը վերջին տարիներին մեր երկրում հետզհետե ակտիվացող միսիոներների հարաճուն գործունեությունն է: Թուրքիայում, բացի 3 հազար եկեղեցիներից, գործում են շուրջ 70-80 ոչ պաշտոնական եկեղեցիներ, ինչպես նաեւ աղոթարանի վերածված բազմաթիվ տներ: Ինչպես երեւում է, այսքան մեծաքանակ եկեղեցիները բավարար չեն ոմանց համար, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին խաչի տեղադրմամբ բացվում է ժամերգության համար: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սա աննախադեպ երեւույթ է եւ առաջին անգամ է թույլատրվում, որ տեղադրվի այսպիսի կարեւոր եկեղեցու խաչը: Ինչպես երեւում է, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը դառնալու է մեր երկրի պատմության մեջ եկեղեցու խաչը տեղադրող առաջին մահմեդական իշխանությունը: Կարծում ենք, եկեղեցուն, ինչպես նաեւ քրիստոնեությանը մատուցած այս ծառայությունների համար Արեւմուտքը ինչ-որ ձեւով կպարգեւատրի իշխող կուսակցությանը: Գուցե 2004-ին Նյու Յորքում Ամերիկայի Հրեական կազմակերպությանՙ Էրդողանին պարգեւատրած «Հանդգնության հրեական շքանշանը» հանդիսացող «Դավիթի եղջույրի» նմանակն էլ տա... Հայաստանն էլ իր հերթին, «Էշ» չի, որ հնարավոր առատաձեռնություն չցուցաբերի... Ցավոք, Եվրոմիությանն անդամակցելու համար զիջում ենք բոլոր ասպարեզներում: Ժամանակին հոգեւոր ճեմարան ունեցող եւ կաթողիկոսի նստավայր հանդիսացող այս եկեղեցին ժամերգության համար բացելը կնշանակի հայ հոգեւոր ճեմարանի եւ տիեզերական պատրիարքի նոր խնդիրներ առաջացնել: Ո՞վ կերաշխավորի, որ այնուհետեւ Աղթամարի եկեղեցու պատրիարքը Հունաց պատրիարքի նման արեւմտյան թատերաբեմերում թշնամական քարոզչություն չի ծավալի Թուրքիայի դեմ: Մի՞թե կարելի է Արեւմուտքին սիրաշահելու համար այսպիսի զիջումներ անել հայերին: Ինչքան շուտ ենք մոռանում այս շրջաններում տեղի ունեցած դառը իրադարձությունները: Ի՞նչ է լինելու հայերի ձեռքով կոտորածի ենթարկված թուրք բնակչությունը: Տեղադելով եկեղեցու խաչըՙ հայերին պարգեւատրո՞ւմ ենք: Ո՞ւմ հաղթանակն են ավետելու եկեղեցու զանգերը: Մինչդեռ հայկական իշխանություններն առ այսօր ոչ մի հետքայլՙ կապված Թուրքիայի հետ, չեն կատարել: Նշանակում էՙ մեր հողերի նկատմամբ շարունակվում են նրանց հավակնությունները: Տասնյակ երկրներ, այդ թվումՙ ԱՄՆ-ն, ճանաչել են այսպես կոչված ցեղասպանությունը: Այդ առումով պատահական չէ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը «ցեղասպանության» հուշահամալիր: Ըստ երեւույթին, առաջիկա տարում այսպես կոչված ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչի նաեւ ԱՄՆ-ն: Այլ կերպ, սեպտեմբերին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Թուրքիան ախպերանում է Հայաստանի հետ, որովհետեւ, սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաեւ Թուրքիան, իսկ 19-ինՙ Վանի Աղթամարի հայկական եկեղեցում ժամերգություն է նշանակված: Իմացել ենք, որ Անկարան ջերմ է մոտենում զորավարժությունների համար անհրաժեշտ տեխնիկան փոխադրելու պատրվակով սահմանի բացմանը: Եթե Հայաստանը հավանություն տա, ապա կբացվի Կարսի սահմանադուռը: Պատրվակը ՆԱՏՕ-ն է, իսկ եկեղեցինՙ հրաշալի առիթ... Հետո ինչ, որ Աղրի (Արարատ) լեռը Հայաստանի սահմանադրության 13-րդ հոդվածի 2-րդ դրույթով «խորհրդանշում է Հայաստանի անկախությունը», իսկ Հայաստանի անկախության հռչակագրում Արեւելյան Անատոլիան ներկայացվում է որպես Արեւմտյան Հայաստան: Սա կնշանակի, որ Հայաստանը հողային պահանջներ ունի Թուրքիայից: Ի՞նչ է ասում «Ռոյթերը»: Ասում է, որ Վանի Աղթամար եկեղեցու սեպտեմբերի 19-ին տեղադրվող խաչն այլեւս չի հանվելու»: Նախ պետք է ասել, որ Թուրքիայի տարածքում 3 հազար եկեղեցի եղել է մինչեւ 1915-ի ցեղասպանությունը: Քանի որ հայերի հետ բնաջնջման են ենթարկվել հույները, ասորիները եւ քաղդեացիները, ուստի ընչաքաղց թուրք հրոսակներն ու կիսավայրենի քուրդ աշիրաթները նախ կողոպտել, ապա եւ հրկիզել են այդ եկեղեցիները: Այնուհետեւ Քեմալ Աթաթուրքի ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պետականորեն քանդել են մինչ այդ ավերակի վերածված բոլոր եկեղեցիները: Միակ հայկական եկեղեցին, որը կանգուն է մնացել Թուրքիայի ասիական տարածքում, թերեւս Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին է, որի դեռ չտեղադրված խաչն էլ Թուրքիայի համար իբրեւ սպառնալիք է դիտարկում հոդվածագիրը: Քանի որ նա «զգոն» թուրքերից է, ուստի նրա տրամադրությունը եւս պետք է խեղաթյուրված լինի, որպեսզի համապատասխանի ինչպես հայատյացության, այնպես էլ հայկական դավադրության որոնումների պահանջներին: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: