Friday, July 30, 2010

ՄՈՍԿՎԱՆ ԻՐԱՆԻՆ ԽՈՍՏԱՑԱԾ C-300-ՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«ԱԶԳ», 30-07-2010- Անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Рособоронэкспорт-ի հետ պայմանագիր է կնքել C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է մոսկովյան Ведомости. թերթը, վկայակոչելով ՌԴ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի գլխավոր կառավարչին եւ գործարաններից մեկի կառավարչին: Պայմանագիրն արդեն իրականացվում է: Նախատեսվում է բոլոր առաքումներն ավարտել առաջիկա մեկ-երկու տարում: Բաքուն ռուսական C-300-ների դիմաց կվճարի առնվազն 300 մլն դոլար: Սա հետխորհրդային հանրապետություններում ռազմական տեխնիկայի գնման ամենախոշոր գործարքն է (եթե չհաշվենք Ռուսաստանը), պնդում է Moscow Defense Brief-ի խմբագիր Միխայիլ Բարաբանովը: Կողմերը պաշտոնապես չեն հաստատում գործարքի կայացումը: Рособоронэкспорт-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Քասիմովն ասել է, թե տեղյակ չէ: Ռուս սպաներից մեկի կարծիքով, Բաքուն ձգտում է իրեն ապահովել ի դեպս Իրանի հետ կապված իրադրության սրման: Սպան պնդում է, թե Հայաստանի հետ ՌԴ հարաբերությունների վրա դա չի ազդի, քանի որ ոչ Բաքուն, ոչ էլ Երեւանը չունեն արդիական հարվածային օդանավեր, թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ, որոնց դեմ պայքարելու են կոչված C-300-ները: C-300-ների մի խոշոր խմբաքանակ նախապես պետք է ուղարկվեր Իրան, բայց հունիսի 17-ին Մոսկվան հրաժարվել էր իրականացնել մատակարարումը, վկայակոչելով ՄԱԿ-ի ԱԽ հակաիրանական պատժամիջոցները: Ռուսաստանը երկար ժամանակ տատանվելուց հետո նախընտրեց քաղաքական պատժամիջոցները:

No comments: