Wednesday, August 18, 2010

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է 1992-Ի՞Ն.

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՐՈՆՔ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԳՅՈՒԼԻՆ Report.am. 18-8-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած իր վերջին հանդիպումից հետո լրագրողներին ասել է տառացիորեն հետևյալը. «Այսօր մենք կրկին անցկացրինք Կովկասը կայուն և անվտանգ տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ միջոցների քննարկում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ադրբեջանական հողերի շրջափակման դադարեցումը` մենք քննարկեցինք այս ամենի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս հակամարտությունն այս ձևով շարունակվում է 18 տարի, և այսուհետ այդպես չպետք է լինի։ Դրա համար հարկավոր է լուծել խնդիրը։ Այդ նպատակով անհրաժեշտ է հանդիպումներ, քննարկումներ անցկացնել, իրականացնել երբեմն բաց, երբեմն էլ փակ դիվանագիտական գործունեություն։ Անկասկած, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Դա պետք է իմանա յուրաքանչյուր մարդ, քանի որ այլ երկրի կողմից որևէ կերպ ՄԱԿ–ի կողմից ճանաչված սահմանների խախտումը չի կարող ընդունվել կամ դրական համարվել միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այս տեսանկյունից, մենք բոլորս կշարունակենք ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը»: Թվում է, թե ոչ մի նոր բան չի ասել Թուրքիայի նախագահը: Բայց, ուշադրություն դարձրեք, խնդրեմ նրա նշած «18 տարի» և «փակ դիվանագիտությաուն» արտահայտությունների վրա: Նախ` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության այսպես կոչված 18-ամյակի մասին: Որքանով մեզ հայտնի է, վստահ ենք` Գյուլին նույնպես, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն սկիզբ է առել 1988-ի փետրվարից, երբ Լեռնային Ղարաբարի Մարզային խորհուրդը որոշում ընդունեց դիմել ԽՍՀՄ, Ադրբեջանական և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Գերագույն խորհուրդներին` մարզը դուրս բերել Ադրբեջանի կազմից և այն միացնել Հայկական ԽՍՀ-ին: Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, այդ մասին նորին գերազանցություն Աբդուլլահ Գյուլը նախընտրում է լռել, որպեսզի հերթական անգամ պատմությունն սկսվի այն տեղից ու ավարտվի այն տեղում, որ ձեռնտու է միայն թուրքական երկու պետություններին: Ինչո՞ւ բանը հասավ նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նախ` դիմեց ինքնապաշտպանության, և ապա` իր զավակների արյան գնով ազատագրեց հայրենի տարածքները, որոնք, Աբդուլլահ Գյուլը ադրբեջանական հողեր է համարում: Ըստ Թուրքիայի նախագահի` ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ ազատագրվեց Քելբաջարի շրջանը և արդյունքում փակվեց հայ-թուրքական սահմանը, որպես պատասխան հայկական բանակի հաջողության: Այսինքն` 1988-ի փետրվարից մինչև 1992-93 թվականները խեղճ ադրբեջանցիները զբաղված էին խաղաղ շինարարությամբ ու մեկ էլ` այսպիսի խայտառակություն: Շատ ներողություն, միջազգային հանրություն, ոչ Սումգայիթի, ոչ Կիրովաբադի և ոչ էլ Բաքվի ջարդեր, ոչինչ չի եղել, ոչ էլ, նույնիսկ, ԽՍՀՄ զինված ուժերի և հատուկ ջոկատայինների հետ ադրբեջանական հրոսակների համագործակցությամբ լայնամասշտաբ հարձակում Ղարաբաղի վրա: Եթե ՀՀ ԱԳՆ-ն կամ հենց ՀՀ նախագահը փորձեն մի փոքր թարմացնել Գյուլի հիշողությանը, ապա մեծապես նպաստած կլինեն միջազգային կառույցներում ԼՂՀ խնդրի ճիշտ ընկալմանը: Այլապես Գյուլի մեկ այլ հայտարարություն, թե` ՄԱԿ–ի կողմից ճանաչված սահմանների խախտումը չի կարող ընդունվել կամ դրական համարվել միջազգային իրավունքի տեսանկյունից, կարող է հանկարծ սխալ ընկալվել և մի օր էլ պարզվի, որ իրոք Ղարաբաղի զինված ուժերը խախտել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ իրենց վերահսկողության տակ են առել Ղարաբաղի շրջակա տարածքները, որոնք ժամանակին խլվել են հայերից: Գյուլը ադրբեջանցիներին նաև հորդորել է, որ ժամանակն է զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից և պատերազմի բացահայտ սպառնալիքներից: Դրանք հայերի մոտ չեն անցնում այլևս: Առավել ևս դրանք ժամանակավրեպ են արդեն, երբ Ռուսաստանը, առանց աջ ու ձախ ռևերանսների տեղավորվում է տարածաշրջանում` օգտագործելով Հայաստանի` ռազմավարական դաշնակից լինելու հանգամանքը: Այս առումով Գյուլին պետք է դասել հեռատես քաղաքական գործիչների շարքին, քանզի նա իր եղբայրակիցներին խորհուրդ է տալիս ուղղակի չխաղալ կրակի հետ: - Խնդիրը լուծելու նպատակով, - ասում է նա,- անհրաժեշտ է հանդիպումներ, քննարկումներ անցկացնել, իրականացնել երբեմն բաց, երբեմն էլ փակ դիվանագիտական գործունեություն»: Սա մի բան միայն կարող է նշանակել` չպահանջել սեփական իշխանությունից Ղարաբաղի հարցի շտապ, անհետաձգելի լուծումներ, դիվանագիտական պայքարում նրանց չդրդել սխալների, երբեմն էլ հանդուրժող լինել իշխանությունների վարած փակ քաղաքականության հանդեպ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Գյուլը սրանով նաև հող է նախապատրաստում հայ-թուրքական սահմանի բացման համար: Չի բացառվում, իհարկե: Մանավանդ Հայաստանում երկար մնալու Ռուսաստանի ջանքերն էլ խոսում են այն մասին, որ ռուսներն այստեղ չեն հաստատվում հայ-թուրքական սահմանի փշալարերին երկար նայելու հաճույքի համար: Չմոռանանք, վերջապես, Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլին Հայաստան հրավիրեց հենց Մոսկվայից, հրավիրեց, կներեք արտահայտությանս համար, ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ համագործակցության նոր ճակատ բացելու: Իսկ ինչո՞ւ կասեցվեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` կհարցնեն ոմանք: Մի պարզ պատճառով, բարեկամներս: Թուրքերը մի փոքր սխալ էին հասկացել իրենց առաքելությունն այս տարածաշրջանում: Ռուսների` վրացական կոնֆլիկտից հետո այս աննախադեպ ակտիվացումը լուրջ սրբագրումներ է մտցրել հայ-թուրքական սահմանի բաց կամ փակ լինելու հարցում և ցյուրիխյան արձանագրությունները, որ մեր իշխանությունները սխալմամբ շռնդալից հաջողություն էին ներկայացնում, արդեն ակտուալ չեն: ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

No comments: