Wednesday, August 18, 2010

ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ…

ռազմավարական մտքի եւ մարդկային մտորումների միջեւ Ինչքան էլ որ ՍԴՀԿ-ն հեռանա Հայ Ազգային Կոնգրեսից, իսկ Սուրեն Սուրենյանցն էլ քաղաքականությունից, միեւնույն է, ամառային քաղաքական կյանքի “հիթը” շարունակում է մնալ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների մասին համաձայնագրի լրացումը, որ Ռուսաստանն առաջարկում է Հայաստանին: Այդ լրացման մասին համաձայնագիրը կստորագրվի օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի ընթացքում, ինչի արդյունքը կլինի այն, որ Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը 25 տարվա փոխարեն կդառնա 49 տարի` հետագա 5 տարիներին կողմերի ցանկության դեպքում ինքնաբերաբար երկարելու պայմանով, իսկ ռազմակայանի գործառույթի մեջ իրավաբանորեն տեղ կգտնի Հայաստանի անվտանգությունն ապահովելը` “Հայաստանի զինուժի հետ համատեղ”: Տեղի ունենալիքը Հայաստանի համար կարծես թե բավական կարեւոր իրադարձություն է: Հասարակական-քաղաքական դաշտի մի մասն այդ կարեւորության մեջ տեսնում է դրական ձեռքբերում` Հայաստանի անվտանգության մակարդակի լրացուցիչ բարձրացման եւ խաղաղության երաշխիքի տեսքով, իսկ մի մասն էլ կարեւորությունը դիտարկում է բացասական լույսի ներքո, համարելով, որ կատարվելիքը Հայաստանի ինքնիշխանության, ինքնուրույն սուբյեկտության եւս մի բաղադրիչի կորուստ է: Բայց ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ այդ համաձայնագրի ստորագրմանը կողմերը մոտենում են բավական անաղմուկ: Համենայն դեպս փորձագիտական աղմուկից բացի, մեծ հաշվով չկա որեւէ քաղաքական բանավեճ, առավել եւս իշխանության մասնակցության մակարդակով: Այսինքն, իշխանությունը, բացի իհարկե յուրային գործիչների պաթետիկ փաստաբանությունից, որեւէ այլ մակարդակով չի փորձում հասարակությանը քիչ թե շատ հասկանալի բացատրություն տալ, թե ինչու է գնում այդ քայլին եւ ինչ անհրաժեշտություն կար դրա համար: Օրինակ, ով է իրականում այդ առաջարկի հեղինակը: Եթե Ռուսաստանն է, ապա ինչու է Մոսկվայում առաջացել ռազմակայանների ժամկետի երկարաձգման եւ լիազորության ընդլայնման հարց: Ինչու է Հայաստանը դրական արձագանքել Մոսկվայի այդ կարիքին: Ռազմավարական գործընկեր ենք դրա համար, թե պարզապես Հայաստանը հնարավորություն չունի Մոսկվային մերժել որեւէ այդպիսի հարցում, որտեղ Կրեմլը շոշափում է ռազմավարական շահ: Իսկ եթե ռազմավարական գործընկեր ենք, ապա ինչու Մոսկվան էլ մեր շահը հաշվի չի առնում Ադրբեջանի հետ ռազմական գործընկերության եւ ռազմատեխնիկական առեւտրի պարագայում:Ընդ որում խոսքը միայն հայտնի C 300-ների մասին չէ: Թեեւ արդեն շատ տարիներ է, որ այդօրինակ հարցերը կարծես թե ավելորդ են, քանի որ բոլորն են հասկացել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունը վաղուց արդեն գործընկերային չէ, եթե իհարկե երբեւէ եղել է այդպիսին, այլ “ֆորպոստային”: Ռուսաստանն այդ մասին բացեիբաց հայտարարեց, իսկ Հայաստանի իշխանությունն էլ դժգոհելու փոխարեն ընդամենը փորձեց արդարացնել ռուսների խոսքը լեզվի սայթաքումների կամ չգիտես էլ ինչ պատահականությունների եւ թյուրիմացությունների մասին կմկմոցներով: Այնպես որ, Հայաստանն այժմ այն վիճակում չէ, որ կարողանար ռուիսներին ոչ ասել: Թեեւ միգուցե Հայաստանի իշխանությունը չէր էլ ասի, եթե նույնիսկ կարողանար, քանի որ ունի Ռուսաստանի կարիքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում: Ի վերջո, վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի բանակում տեղի ունեցան միջադեպեր, որոնք դարձան մարդկայինմեկ տասնյակ զոհերի պատճառ եւ լուրջ հարցեր առաջ բերեցին բանակի կարգապահության, կազմակերպվածության, բանակում տիրող մթնոլորտի առողջության հետ կապված: Միգուցե դրանից հետո Հայաստանի իշխանությունը հասկացավ, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ զսպել ադրբեջանական ռազմական հավակնությունները: Իսկ գուցե նաեւ պարզապես համարվեց, որ այդ միջադեպերը պատեհ առիթ են, որպեսզի ռուսական մտադրությանը տրվի հավանություն, ինչը կստանա նաեւ բանակային միջադեպերից տագնապած հասարակության հավանությունը: Թեեւ կարծես թե հայ հասարակությունից ռուսական տռազմական ցանկացած ներկայության հավանություն ստանալը բարդ գործ չէ, նկատի ունենալով հասարակության մեջ բավական խոր արմատներ ունեցող ռուսասիրությունը, այն մտայնությունը, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող իրեն պաշտպանել: Սակայն, այդ ամենից բացի, կամ գուցե եւ այդ ամենից առաջ, հնարավոր է, որ ռազմակայանների պատմությունը ունի շատ ավելի պարզ բացատրություններ, քան աշխարհաքաղաքական զարգացումները, քան Ռուսաստանի ռազմավարական շահը կամ Հայաստանի ռազմավարական վախը: Պետք չէ բացառել, որ այդ տիրույթների բոլոր հարցերը ավելորդ են, եւ տեղի ունեցողն ընդամենը մի նախաձեռնություն է, որով փորձ է արվում կարեւորություն տալ ՌԴ նախագահ Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պետական այցին: Դե պետական այցը օտարերկրյա երկրների ղեկավարների այցելությունների ամենաբարձր մակարդակն է: Ու մի տեսակ այն չէր լինի, եթե ՌԴ նախագահը այդպիսի բարձր մակարդակի այց կատարեր Հայաստան, ու այդ այցի ընթացքում Հայաստանի իշխանությունը սեփական հասարակությանը որեւէ պատմական բան չմատուցեր: Բա Հայաստանի դերը, բա նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը: Ահա եւ գուցե Երեւանում միտք են հղացել, որ ռուսներին կարելի է այդպիսի մի առաջարկ անել: Դե ինչ տարբերություն` 25 տարի են նրանք այստեղ, թե 49 տարի: Դարավոր եղբայրության մեջ 25 տարի այս կողմ, 20 տարի այն կողմ, ոչ մի նշանակություն: Վերջին հաշվով, որեւէ ռազմավարական ձեռնարկություն, ոլորտ, որեւէ բան Հայաստանում չի մնացել, որ հնարավոր լիներ տալ ռուսներին ու պատմականացնել Մեդվեդեւի այցը, ու թերեւս ռազմակայանների ժամկետն ու լիազորությունը ամենահարմար տարբերակն էին: Համ էլ անվտանգություն է, համ էլ ռուսներն էլ դեմ չէին լինի, ու այդ հիանալի առաջարկի դիմաց կհամաձայնեին նույնիսկ այն վերցնել իրենց վրա եւ ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն: Ով գիտե, գուցե ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: Չէ որ համաշխարհային պատմության ընթացքում շատ վճռորոշ զարգացումների պատճառներ եղել են ոչ թե ռազմավարական մտքի, այլ հենց այդօրինակ պարզ մարդկային մտորումների եւ ապրումների ծնունդ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: