Wednesday, August 18, 2010

Վահան Խալաֆյանի գործ. նախկին ոստիկանապետը կմկմում էր, հարցերին պատասխանում խճճված

Այսօր` օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում, կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Նախորդ դատական նիստի ժամանակ, պետք է վկայություն տար այն ժամանակվա Չարենցավանի ոստիկանապետ գնդապետ Նորայր Հեբոյանը, սակայն նա դատարանին տեղեկացրել էր, որ առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով, բուժման նպատակով բացակայում հանրապետությունից: նախկին ոստիկանապետը դատարանին խնդրել էր, որպես հիմք ընդունել իր նախաքննական մարմնին, Հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքները: Հեբոյանի այդ գրավոր խնդրանքին դեմ էին արտահայտվել ինչպես տուժողի իրավահաջորդներն ու մեղադրող կողմը, այնպես էլ ամբաստանյալի աթոռին հայտնված Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, մյուս ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Դատարանը որոշում էր կայացրել կրկին անգամ Նորայր Հեբոյանին հրավիրել դատարան, իսկ չներկայանալու դեպքում բերման կենթարկել նրան: Այսօր Հեբոյանն ինքնակամ ներկայացավ դատարան, ում մուտքը դատարանի դահլիճ ուղեկցվեց Վահան Խալաֆյանի հարազատների եւ մտերիմների կողմից նրա հասցեին հնչող անեծքներով: Դատարանում Հեբոյանը ներկայացրեց այդ օրը տեղի ունեցած դեպքի մանրամասները: Իր խոսքը ներկայացնելիս ոստիկանապետը կմկմում էր, պատասխանում էր խճճված, երբեմն էլ այնպիսի պատասխաններ էր տալիս, որ դահլիճում ներկա գտնվողների մոտ ծիծաղ էր առաջացնում: Երբ Հեբոյանը ներկայացնում էր, թե ինչ խոշտանգված վիճակում է տեսել Խալաֆյանին, վերջինիս մայրը լացակումած ասաց. «Իմ առողջ որդուն տարաք քաղմաս, դիակը դուրս հանեցիք»: Տուժողի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հարցին, թե ձեր գործողությունները, որպես ոստիկանապետ, ադեկվա՞տ են եղել, Հեբոյանը մի պահ դադար տվեց ու արձագանքեց. «Ադեկվատը ո՞րն է», ինչը ծիծաղ առաջացրեց դահլիճում, անգամ դատավորի եւ մեղադրողների մոտ: Այնուհետեւ Հեբոյանին սկսեցին հարցեր տալ գլխավոր ամբաստանյալ, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանն ու նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը, որոնց պատասխանելիս նախկին ոստիկանապետն ամբողջությամբ խուճապի էր մատնվել եւ անհասկանալի պատասխաններ էր տալիս: Երբ Աշոտ Հարությունյանը հարց ուղղեց իր նախկին ղեկավար Հեբոյանին, թե ինքը քանի՞ անգամ է զգուշացրել, որ Մորիս Հայրապետյանն այն աշխատողը չի, որ կարող է աշխատել քրեական հետախուզությունում եւ որ իր եւ Մորիս Հայրապետյանի միջեւ կան աշխատանքային թշնամական հարաբերություններ, դատավորը թույլ չտվեց, որպեսզի գլխավոր ամբաստանյալը հարցն ավարտի: Սրան հետեւեց փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքը, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է Մորիս Հայրապետյանի տված ցուցմունքի հիման վրա: Մորիսն իր ցուցմունքում գրել էր, որ Աշոտ Հարությունյանը հայրական ապտակ է տվել Խալաֆյանին: Ի դեպ, Աշոտ Հարությունյան-Նորայր Հեբոյան հարցուպատասխանի ժամանակ Ա. Հարությունյանը մի քանի անգամ կրկնեց, որ ինքը չի պատրաստվում քավության նոխազ լինել ուրիշի արածների համար: Ներկայումս նիստը շարունակվում է:

No comments: