Tuesday, August 17, 2010

ԱԼԻԵՎԸ ԵՎ ԳՅՈւԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՎ ԽՈՍԵԼ ԵՆ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈւԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ»

Երեկ Բաքվի Գյուլիստան պալատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պատվին: Մինչ այդ երկու երկրների նախագահները հանդիպել են փակ դռների հետևում, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև Իլհամ Ալիևը և Աբդուլա Գյուլը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության համաձայնագիր են ստորագրել: Գյուլիստան պալատում կազմակերպված ընդունելության ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել ելույթներով, որոնցում միմյանց «եղբայրական» հաճոյախոսություններ անելուց հետո անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին: Նախագահ Ալիևը կրկին խոսել է «տարիներով շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական հողերի», «էթնիկ զտումների» «մեկ միլիոն փախստականների» և «միջազգային իրավունքների նորմերի խախտման» մասին: «Ցավոք, Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը չի նպաստում խնդրի լուծմանը: Բայցևայնպես, Ադրբեջանը այսուհետ էլ կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, կմեծացնի քաղաքական և դիվանագիտական ջանքերը, որպեսզի վերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Ես համոզված եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- եզրափակել է իր ելույթը Ալիևը` չմոռանալով շնորհակալություն հայտնել Թուրքիային այս հարցում ցուցաբերած մշտական աջակցության համար: Թուրքիայի նախագահն իր հերթին ասել է. «Այսօր մենք կրկին անցկացրինք Կովկասը կայուն և անվտանգ տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ միջոցների քննարկում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ադրբեջանական հողերի շրջափակման դադարեցումը` մենք քննարկեցինք այս ամենի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս հակամարտությունն այս ձևով շարունակվում է 18 տարի, և այսուհետ այդպես չպետք է լինի։ Դրա համար հարկավոր է լուծել խնդիրը։ Այդ նպատակով անհրաժեշտ է հանդիպումներ, քննարկումներ անցկացնել, իրականացնել երբեմն բաց, երբեմն էլ փակ դիվանագիտական գործունեություն։ Անկասկած, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Դա պետք է իմանա յուրաքանչյուր մարդ, քանի որ այլ երկրի կողմից որևէ կերպ ՄԱԿ–ի կողմից ճանաչված սահմանների խախտումը չի կարող ընդունվել կամ դրական համարվել միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այս տեսանկյունից, մենք բոլորս կշարունակենք ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը»: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների:

No comments: