Tuesday, August 17, 2010

«Ազգ». Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես «երրորդ ո՞ւժ»

News.am. 17-8-2010- «Հայ ավանդական քաղաքական միտքը ռուսական ռազմական ներկայության ժամկետի երկարաձգումը եւ Ռուսաստանին Հայաստանում ռազմական ներկայությունը ընդարձակելը ընդունում է բավական անվրդով: Ավելի քան հարյուր տարի հայերը եղել են այն համոզման, որ փոքր ազգերը կամ պետությունները, իմա` Հայաստանը, չեն կարող գոյատեւել, եթե չապավինեն այսպես կոչված երրորդ ուժին: Այսինքն, արտաքին սպառնալիքից խուսափելու նպատակով Հայաստանը այլ ելք չունի, քանի հույսը դնել երրորդ երկրի օժանդակության վրա»,-գրում է «Ազգը»: Հրապարակման հետագա տողերում կարդում ենք. «Հայաստանի արտաքին սպառնալիքները, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, նույն են` Թուրքիան եւ Ադրբեջանը: Ճիշտ է, մասամբ փոխվել է «երրորդ ուժը»: Եթե 19-րդ դարի վերջերին ու 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում հայ ժողովրդի ու Հայաստանի փրկությունը պիտի գար Եվրոպայից ու ԱՄՆ-ից (Ավետիս Ահարոնյանը Փարիզում ոսկե գրիչով ստորագրեց Սեւրի դաշնագիրը, իսկ ամիսներ անց նախագահ Վուդրո Վիլսոնը գծեց դեպի ծով ելքով ու ավելի քան 160 հազար քառ. կմ. տարածքով ապագա Հայաստանի քարտեզը), ապա 1920-ից ի վեր «երրորդ ուժը» գալու է, ըստ հայ քաղաքական մտքի, հյուսիսից: Ընդ որում, 1917թ. դեպքերը, երբ ցարական զորքերը մի քանի շաբաթվա ընթացքում թողեցին ռուս-թուրքական սահմանի կովկասյան ճակատը ու հայերին թողեցին միայնակ թուրքական վտանգի դեմ, հայ ավանդական քաղաքական միտքը վերագրեց «ձախորդ հանգամանքների» բերումին»:

No comments: