Tuesday, August 17, 2010

Ադրբեջանի և Իսրայելի միջև լարվածություն է առաջացել. «Բիզիմ յոլ»

Panorama.am. 17-8-2010- Ինչպես երեկ հայտնել էր Panorama.am -ը` Իրանում Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով 22 ամիս բանտարկության մեջ գտնվող ադրբեջանցի գիտնական Ռաշիդ Ալիևին երկու օր առաջ վերադարձրել են Բաքու: Չնայած պաշտոնական հայտարարություն չի եղել` սակայն, հայտնի է դարձել, որ ադրբեջանցի լրտեսի վերադարձի դիմաց Բաքուն Թեհրանին է հանձնել 12 միջազգային ահաբեկիչների: Ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը գրում է, որ այդ մասին հայտնել են ոչ թե Ադրբեջանի իրավապահ մարմիններն, այլ` իրանական «Fars-News» գործակալությունը: Ըստ «Fars-News»-ի` իրանական կողմին հանձնված իրանցիների մեծամասնությունը ձերբակալվել են թմրանյութերի առևտրով զբաղվելու մեղադրաքնով, ձերբակալվածներից մեկն էլ կին է: Իրանական գործակալությունը հայտնել է, որ բանտարկյալների փոխանակումը կատարվել է երկու երկրների միջև ստորագրված փոխադարձ համաձայնության մասին հուշագրի համաձայն: Տեղեկացված աղբյուրից «Բիզիմ յոլ»-ին հայտնի է դարձել, որ Իրանին հանձնված բանտարկյալների մեջ բոլորը չէ, որ Իրանի քաղաքացի են եղել: Նրանց հետ են եղել նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու փորձի մեջ մեղադրվող Լիբանանի քաղաքացիներ, որոնց մոտ իրանական կեղծ անձնագրեր են հայտնաբերվել: Հետաքննությունը պարզել է, որ Լիբանանի քաղաքացիներ Քերեք Ալի Մեմեդը և Նեջմեդին Ալի Հուսեյնը «SEPAH», «Հզբոլլահ» և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունների կողմից պատրաստվել և ուղարկվել են Բաքու` պայթեցնելու Իսրայելի դեսպանատունը և Գաբալայում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանը: Այս մասին վերջիններս խոստովանել են իրենց տված ցուցմունքներում: Աղբյուրը թերթին հայտնել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ստորագրված հուշագիրը չի վերաբերում ծանր հանցագործություններ կատարած անձանց: Բացի այդ, Լիբանանի ձերբակալված քաղաքացիները Ադրբեջանում բոլոր դատական ատյաններով չեն անցել: Այդ պատճառով` նրանց հանձնումն այլ պետության խիստ կասկածելի է: Մյուս հակասությունն էլ այն է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ստորագրված այդ հուշագիրը չի կարող կիրառվել Լիբանանի քաղաքացիների նկատմամբ: Աղբյուրը տեղեկացրել է, որ Ադրբեջանի այդ քայլն առաջացրել է Բաքվում Իսրայելի դեսպանության կտրուկ դժգոհությունը: Դեսպանությունը պաշտոնական Բաքվից բացատրություն է պահանջել միջազգային ահաբեկչական ցանցերի հետ կապեր ունեցող անձանց Իրանին հանձնելու կապակցությամբ: Ըստ տեղեկությունների` այս կապակցությամբ Ադրբեջանի արդարադատության նախարարությունում մեծ իրարանցում է սկսվել: Ահաբեկիչներին երկրից դուրս հանելու վերաբերյալ ներքին հետաքննություն է սկսվել: Աղբյուրի խոսքերով` միջադեպը կարող է Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ, քանի որ այն հակասում է Թել Ավիվի շահերին:

No comments: