Tuesday, August 17, 2010

Ա. Մարգարով. «ՌԴ նախագահի այցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ քաղաքական-ռազմավարական և տնտեսական»

Panorama.am. 17-8-2010- Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, օգոստոսի 19-ին պետական այցով ժամանելու է Հայաստան: Ինչպիսի՞ն են այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ի՞նչ հարցեր են քննարկվելու ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումների ժամանակ: Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ: Նրա խոսքերով, Հայաստան-ՌԴ հարաբերությունները հանդես են գալիս որպես ռազմավարական նշանակության հարաբերություններ, որոնք տեղի են ունենում տարբեր ոլորտներում և դաշտերում: «Կարծում եմ, որ կարիք էլ չկա նշելու, որ ՌԴ-ն այսօր Հայաստանի իրականության մեջ լուրջ քաղաքական, և տնտեսական տեղ է զբաղեցնում է, իսկ նախատեսված այցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ քաղաքական-ռազմավարական և տնտեսական»,- ասաց քաղաքագետը: Նա նշեց, թե նախատեսված այցի շրջանակներում բնականաբար քննարկվելու են ըստ էության երկու հիմնական հարցեր, որոնք վերաբերվում են ռազմաքաղաքական համագործակցությանը, և առաջին հերթին, ինչպես ավելի վաղ լրատվամիջոցները տարածեցին՝ Գյումրիում ռուսական ռազմականների ժամկետի երկարաձգման հարցին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր անվտանգության համակարգը և անվտանգության հայեցակարգն առաջին հերթին հաշվի է առնում մեր համագործակցությունը Ռուսաստանի և այն կառույցների հետ, որտեղ Ռուսաստանն է առաջին ջութակի դերը խաղում, դժվար թե կարելի է զարմանալ, որ նման հարց է քննարկվելու կամ ՀՀ իշխանություններն այս հարցին առաջնային նշանակություն են տալու: Շատ հնարավոր է, որ այս հարցը քննարկվում և դիտարկվում է շատ ավելի լայն կոնտեքստի մեջ՝ տարածաշրջանային անվտանգության շրջանակներում»,- ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով, կքննարկվեն նաև տնտեսական ոլորտին վերաբերվող հարցեր և չի կարելի բացառել այն հանգամանքը, որ քննարկվելու է նաև նոր ատոմակայանի կառուցման հարցը, որը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս: «Ինչքան էլ, որ դրա կառուցումն ուշանում է, կարծում եմ, որ դրա կառուցման նախագծերը դեռևս պլանների մեջ են և այդ հարցը քննարկման առարկա կդառնա»,- ասաց Ա. Մարգարովը:

No comments: