Thursday, August 5, 2010

Թուրքիային մեծ սկանդա՞լ է սպասում

Tert.am. 5-8-2010- Թուրքիայում առաջին դեպքն է, երբ ցամաքային զորքերի հրամանատարը մեխանիկորեն չի դառնում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չստորագրեց գլխավոր շտաբի պետի նշանակման հրամանը։ Պատճառն, ըստ մասնագետի, թուրքական սպայակազմին ճնշելն է։ Շաքարյանի խոսքով՝ եթե մինչև օգոստոսի վերջը գլխավոր շտաբի պետ չնշանակվի, մեծ սկանդալ կարող է առաջանալ Թուրքիայում, քանի որ այս ընթացքում ճնշումները հանդուրժած զինվորականությունը կարող է ըմբոստանալ։ Ինչ վերաբերում է դժգոհության հետևանքով ռազմական հեղաշրջում անելու հավանականությանը, թուրքագետն այդ հնարավորությունն այնքան էլ մեծ չի գնահատում՝ նշելով, որ Թուրքիայի զինվորականությունն այսօր այն միասնականությունը չունի, ինչ որ ուներ 1980թ. հեղաշրջման ժամանակ։ «Այսօր զինվորականությունը Թուրքիայում կարող է միայն թավշյա հեղաշրջում անել՝ դատավորների հետ համագործակցելով»,– ասաց նա՝ ավելացնելով, որ սահմանադրական հանրաքվեից հետո այդ հնարավորությունը նույնպես կվերանա։

No comments: