Tuesday, August 17, 2010

ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. Գյուլ

Tert.am. 17-8-2010- Անկասկած, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում։ Այս մասին հաղորդում է АзерТАдж պետական գործակալությունը։ «Մենք, իհարկե, հայ–ադրբեջանական հարաբերությունների շուրջ շատ լայն քննարկում անցկացրեցինք։ Պարոն նախագահը մանրամասն բացատրեց այս պահին ստեղծված իրավիճակը։ Համոզված եմ, որ մենք Կովկասը կվերածենք կայուն համագործակցության տարածաշրջանի։ Այս հակամարտությունն այս կերպ շարունակվում է 18 տարի, և հետագայում այդպես չպետք է լինի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լուծել այս խնդիրը։ Այդ նպատակով անհրաժեշտ է հանդիպումներ, քննարկումներ անցկացնել, երբեմն բաց, երբեմն էլ փակ դիվանագիտական գործունեություն իրականացնել։ Անկասկած, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Դա պետք է իմանա յուրաքանչյուր մարդ, քանի որ այլ երկրի կողմից որևէ կերպ ՄԱԿ–ի կողմից ճանաչված սահմանների խախտումը չի կարող ընդունվել կամ դրական համարվել միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այս տեսանկյունից, մենք բոլորս կշարունակենք ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը»,– ասել է Աբդուլլահ Գյուլը։ Ըստ նրա՝ տարածաշրջանի երկրները, բարեկամական երկրները, ինչպես նաև այս տարածաշրջանի հետ պատմական կապեր պահպանող բոլոր երկրները պետք է լինեն չափազանց ակտիվ և աջակցեն հակամարտության լուծմանը։ «Ճիշտ չէ այս հարցը պահել «սառեցված» վիճակում։ «Սառեցված» հակամարտությունները անսպասելիորեն կարող են վերածվել շատ մեծ խնդրի»,– ասել է Գյուլը և հավելել, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է, համերաշխ է և կշարունակի համերաշխ մնալ նրա հետ։

No comments: