Tuesday, August 17, 2010

Ադրբեջանի ռազմական դոկտրինը և Իրանի ազգային շահերը

Panorama.am. 17-8-2010- Հաշվի առնելով Իրանի ատոմային կասկածելի ծրագրերը, վիճահարույց հրթիռային փորձարկումները, Ադրբեջանում «իսլամական շիական հեղափոխության» գաղափարախոսության քարոզչությունը, պաշտպանական և ռազմական ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությունը, Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ Իրանի հնարավոր պատերազմը` Ադրբեջանի Հանրապետությունը իր նոր ռազմական դոկտրինում համապատասխան կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հետ («ռադիոֆառդա.քոմ») հարցազրույցում նշել է Ադրբեջանի ՊՆ կից ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ավագ փորձագետներից մեկը: Նշվում է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության փաստն ու վերջին շրջանում տեղի ունեցած այցերը մշտապես անհանգստացրել են Իրանի իշխանություններին: «Ադրբեջանն ու Իսրայելը ակտիվ համագործակցում են տնտեսական, գիտակրթական, կապի, ռազմական և այլ ոլորտներում: Մասնավորապես`Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել մի քանի միավոր անօդաչու իքնաթիռներ, օժանդակել է ադրբեջանցի ռազմական և անվտանգության մասնագետների վերապատրաստման գործում և մոտ ապագայում Իսրայելն Ադրբեջանում անօդաչու ինքնաթիռների արտադրության գործարան կհիմնի»,- «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հետ հարցազրույցում նշել է «Ադրբեջան-Իսրայել համերաշխության խորհրդի» նախագահ Արիե Գուտը: Հիշեցնենք, որ վերջերս «Թրենդ» գործակալության իրանական բաժնի ղեկավար Դալղա Խաթինօղլուն գերմանական «ԴոյչեՎելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության հետ հարցազրույցում էլ նշել էր, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք:

No comments: