Tuesday, August 17, 2010

ԻՆՉԻՑ Է ՎԱԽԵՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ

«Լրագիր» 17-8-2010- Ադրբեջանը վախենում է Թուրքիայի դեմոգրաֆիական էքսպանսիայից: Այդ եզրակացությանը կարելի է գալ հետեւելով երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացման գործընթացին: 3 տարի առաջ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի միակողմանի վերացման մասին: Բաքուն առ այսօր չի ձեռնարկել պատասխան քայլ, եւ նույնիսկ Աբդուլլահ Գյուլի այցը չստիպեց Իլհամ Ալիեւին փոխել որոշումը: Ինչից է վախենում Ադրբեջանը, որը իրեն եւ Թուրքիային հայտարարել է “մեկ ազգ` երկու պետություն”: Փաստարկներ քիչ չեն բերվում. ասում են, թուրքական կողմը ցանկանում է ընդհանուր կիրառում նաեւ ուսանողների հանդեպ, սակայն Ադրբեջանը դրա հետ համաձայն չէ: Ասում են նաեւ, որ Բաքուն, իբր, սպասում է հայ-թուրքական սահմանի հարցի լուծմանը: Բայց չէ որ 2007 թվաքկանի հուլիսի 30-ին, երբ Թուրքիան վերացրեց վիզային ռեժիմը, հայ-թուրքական սահմանի մասին խոսք էլ չկար: Այնպես որ ակնհայտ է, որ այդ փաստարկները կեղծ են: Ի՞նչն է իրական պատճառը: Հնարավոր է Ադրբեջանը, ինչպես եվ Եվրոպան, վախենում է Թուրքիայի դեմոգրաֆիական էքսպանսիային, որը կարող է միանգամից կուլ տալ Ադրբեջանը: Բաքվում առանց դրա էլ ամեն ինչում շոշափում են Թուրքիայի ձեռքը` թե բիզնեսում, թե ներդրումային միջավայրում, թե բանակում: Եթե դրան գումարվի նաեւ դեմոգրաֆիան, Բաքուն կկորցնի ամեն իշխանություն, հատկապես ընտրություններին: Առավել եւս, որ Թուրքիայի քաղաքացիները մեծացել են ոչ խորհրդային երկրում եւ ապրում են ոչ խորհրդային օրենքներով: Քիչ նշանակություն չունի նաեւ Իրանի գործոնը, որը նույնպես անցյալում միակողմանիորեն վերացրեց Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը: Բաքուն չպատասխանեց Թեհրանին, եւ դրա պատճառները քիչ չեն: Ադրբեջանական էլիտան հստակ պատկերացնում է, որ Իրանը շատ հնարավորություններ ունի կուլ տալ Ադրբեջանին: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմեդ Բահիր Բահրամին Թեհրանի կայացրած որոշումը հիմնավորեց մշակութային եւ կրոնական կապերով, որոնք կապում են Իրանն ու Ադրբեջանը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը իսլամի շիա ճյուղի հետեւորդ է: Էթնիկ ադրբեջանցիները կազմում են Իրանի բնակչության 24 տոկոսը, կազմելով մոտ 66, 4 միլիոն մարդ: “Զերկալո” թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը անցյալ տարի այդ կապակցությամբ նշեց, ռուսական Հյուսիսային Կովկասի մշտական անկայունությունը Իրանի իրավիճակի հետ միասին տագնապ են առաջացնում ադրբեջանական սահմանների անվտանգության համար: Բաքվի հյուրանոցներից մեկի կառավարչի կարծիքով, իրանցի շատ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Բաքվի հանդեպ թելադրված է Իրանին ադրբեջանական մայրաքաղաքի մոտ լինելուն, ալկոհոլի հասանելիությամբ եւ կանանց մոտ խիջաբ կրելու պարտադրանքի բացակայությամբ, գրում է Եվրազիա.net-ը: Ստացվում է, որ Թուրքիայի եւ Իրանի դեմոգրաֆիական էքսպանսիայից վախենում է նույնիսկ Ադրբեջանը, որը այդ երկրների հետ ունի էթնիկ եւ կրոնական ընդհանրություն: Էլ ինչ ասել տարածաշրջանի մյուս երկրների համար: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: