Tuesday, August 17, 2010

ԱԼԻԵՎԸ ՓՈԽՈՒ՞Մ Է ՀՈՐ ԳՎԱՐԴԻԱՆ

Լրագիր- 17-8-2010- 'Ենի Ազարբայջան' իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը TREND-ին ասել է, որ իրենք գործնականում ձեւավորել են նախընտրական ցուցակը: Այն ՙհասարակությանը կներկայացվի, հենց որ մեկնարկի ընտրական գործընթացը՚: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան նոյեմբերի 7-ին : Օրենդիր մարմինն ունի 125 անդամ, որոնք բոլորն էլ ընտրվում են մեծամասնական կարգով: Լիազորություններն ավարտող խորհրդարանում իշխող կուսակցությունն ունի 64 ներկայացուցիչ: Ըստ Նովրուզովի, 'Ենի Ազարբայջանը' մտադիր է թեկնածուներ առաջադրել բոլոր ընտրատարածքներում, որպեսզի 'ավելի շատ պատգամավոր ընտրի': Իշխանությունը, հավանաբար, մտադիր է խորհրդարանում ունենալ, այսպես ասած, 'որակական մեծամասնություն', որը թույլ կտա ընդունել ցանկացած որոշում: Ուշագրավ է, որ բոլոր ընտրատարածքներում թեկնածու առաջադրելու մտադրություն ունի նաեւ ընդդիմությունը: Եւ եթե տեղի ունենա 'Մուսավաթ' եւ ԱԺՃ կուսակցությունների միավորումը, ինչի շուրջ բանակցում են Իսա Ղամբարը եւ Ալի Քերիմլին, ապա ըստ երեւույթին Ադրբեջանում բավական սուր մրցակցություն կարող է լինել: Այդպիսի նախանշաններ, կարծես, կան: Համենայնդեպս, ըստ Pia.az-ի, հայտնի է դարձել, որ իշխանությունները հրահանգել են 'արմատապես թարմացնել' կառավարող կուսկցության պատգամավորական կազմը: Մի շարք անվանի գործիչներ ամենայն հավանականությամբ ապագա խորհրդարանում տեղ չեն ունենա: Մասնավորապես, խորհրդարան չեն մտնի գրողներ Անարը, Աքրամ Այլիսլին, երգչուհի Զեյնաբ Խանլարովան, ակադեմիկոս Զիադ Սամեդզադեն, նախկին խոսնակ Մուրթուզ Ալեսկերովը, Անար Մամեդխանովը: 'Այդ մարդիկ հասարակության մեջ որեւէ հարգանք չեն վայելում եւ իշխանությունը որոշել է նրանց ուղարել հանգստի', եզրակացնում է Pia.az-ը: Հիշյալ անձանցից Զիադ Սամեդզադեն արդեն հաստատել է, որ 'տարիքի պատճառով' պատգամավորության թեկնածու չի առաջադրվի: Այսպիսով, նախագահի պաշտոնն ստանձնելուց յոթ տարի հետո Իլհամ Ալիեւը, կարծես, փորձում է ազատվել հոր ժամանակների կադրերից: Առայժմ` խորհրդարանի մակարդակում: Ինչ է թաքնված այդ նորարարության տակ: Միթե 'հին գվարդիան' միայն տեսքով է ձանձրացրել: Իսկ գուցե հները որոշել են տիրափո՞խ լինել եւ դրա համար էլ հրապարակայնորեն ստորացվու՞մ են: Վ.Ա.

No comments: