Thursday, August 5, 2010

ԱՄՆ Պետդեպը ցանկանում է, որ Բրայզայի թեկնածությունը հաստատվի. Քրոուլի

Panorama.am. 5-8-2010- ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան, ինչպես նաև մյուս դեսպանների թեկնածուները, որոնք չեն հաստատվել Սենատում, հաստատվեն: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ավանդական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին` հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի ու Ռոբերտ Մենենդեսի պահանջով, Մեթյու Բրայզայի թեկնածության քվեարկությունը հետաձգվել էր: Քրոուլին նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ Պետքարտուղարը օգոստոսի 4-ին հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի հետ: Հանդիպման ընթացքում, Քրոուլիի խոսքով, ի թիվս այ հարցերի, նրանք խոսել են նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեսպանների պաշտոններում չհաստատված թեկնածուների մասին: Քրոուլին նաև փոխանցել է, որ այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ջոն Քերիին մտահոգություն է հայտնել Սիրիայում և Դոմինիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի թեկնածուների չհաստատման կապակցությամբ: «Այնպես որ մենք հույս ունենք, որ ԱՄՆ Սենատը այս երկու երկրներում, ինչպես նաև մյուս երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածուներին կհաստատի իրենց պաշտոններում», -հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Քրոուլին նաև նշել է, որ իրենք հույս ունեն, որ այս թեկնածուների, ինչպես նաև Մեթյու Բրայզայի թեկնածության քվերակությունը հանձնաժողովի նիստում տեղի կունենա այսօր կամ այս շաբաթ: «Մենք մեծ թվով արժանի թեկնածուներ ունենք, ովքեր հույս ունենք, որ կհաստատվեն իրենց պաշտոններում որքան հնարավոր է արագ», -հավելել է Քրոուլին:

No comments: