Wednesday, August 18, 2010

Ռուս փորձագետը բացատրում է, թե ինչու է Մեդվեդեւը սկզբում այցելում Երեւան, ապա` Բաքու

News.am. 18-8-2010- Երկու ամիս առաջ Բաքվի կողմից ընդունված ռազմական դոկտրինը, որտեղ հստակ ասվում է, որ Ադրբեջանի գլխավոր թշնամին Հայաստանն է, հանգեցնում այն մտքին, որ Ադրբեջանում նախապատրաստվում են ԼՂ խնդրի ռազմական լուծմանը: Այս մասին, ըստ www.newsinfo.ru-ի, հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, բառացիորեն վերջերս, կայացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցելությունը Բաքու, որտեղ նա բավական անկեղծորեն հայտարարել է, որ տարածաշրջանում պետք է վարել «անաղմուկ», բայց վճռական քաղաքականություն: Ցիգանոկի ներկայացմամբ, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է զսպել Ադրբեջանին` ռազմական գործողություններ սկսելուց: Ընդ որում, եթե Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ նոր համաձայնագիրը կնքվի, դա Ադրբեջանին կստիպի վախենալ նաեւ ՀՀ զինված ուժերի համալրումից եւ Ռուսաստանի կողմից ռազմական օժանդակության տրամադրումից` ԼՂ հակամարտության սրման դեպքում: Մյուս կողմից, այս տարվա սեպտեմբերին Դմիտրի Մեդվեդեւը նախատեսում է այցելել նաեւ Ադրբեջան, ինչը ցույց է տալիս, որ Մոսկվան մտադիր չէ փչացնել իր հարաբերություններն այդ երկրի հետ: Ռուս փորձագետի խոսքով, ե’ւ Երեւանում, ե’ւ Բաքվում, Մեդվեդեւը բանակցություններ է վարելու ԼՂ խնդրով: Այցելությունների հերթականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար Հայաստանը կարեւոր է որպես ռազմավարական գործընկեր: «Հայաստանի եւ Աբխազիայի ռուսական բազաներում տեղակայված C-300 հրթիռները ծածկում են ողջ Հարավային Կովկասի տարածքը եւ Սեւ ծովի արեւելյան հատվածը: Երկու բազաների համատեղ գործունեությունը կնշանակեր, որ այլ երկրների ինքնաթիռները չեն կարող թռչել Հարավային Կովկասի երկրների տարածքով»,- ասել է Ցիգանոկը: Նշենք, որ օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան է ժամանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

No comments: