Wednesday, August 18, 2010

Պետք է հարցնել Ռուսաստանին՝ ինչո՞վ ենք մենք տարբերվում Ադրբեջանից. Ստեփան Գրիգորյան

Tert.am. 18-8-2010- Ռուսաստանը թեև հզոր և անկախ երկիր է, սակայն որոշ հարցերում պետք է հաշվի առնի ՀԱՊԿ անդամ երկրների կարծիքը։ Այսօրվա ասուլիսին նման դիտարկմամբ հանդես եկավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանին C-300 տեսակի զենք վաճառելու վերաբերյալ տեղեկություններին։ «Մենք ՀԱՊԿ անդամներ ենք. այդ պայմանագրի համաձայն՝ բոլոր 7 անդամ պետություններն իրենց ռազմական և ռազմաքաղաքական բոլոր քայլերը պետք է քննարկեն համատեղ։ ՆԱՏՕ-ն ուժեղ է հենց նրանով, որ անդամ պետությունները ռազմական հարցերում անկախ չեն գործում»,- ընդգծեց քաղաքագետը։ Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հայկական կողմը պետք է բարձրացնի հետևյալ հարցերը՝ ճի՞շտ է, որ Ռուսաստանը պատրաստվում է վաճառել C-300-ն Ադրբեջանին, դա համապատսախանո՞ւմ է կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում ծավալվող համագործակցությանը։ «2008թ. Ռուսաստանն Ադրբեջանի հետ ստորագրել է լուրջ պայմանագիր։ Մենք, որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հարցնենք Ռուսաստանին՝ ինչո՞վ ենք տարբերվում Ադրբեջանից»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, հետևաբար կամավոր ստանձնել է տարածաշրջանի երկրները չզինելու պարտավորություն։ Քաղաքագետը նաև մտահոգություն հայտնեց՝ եթե այդ զենքի վաճառքի մասին լուրերը ճիշտ են, ապա միան դրա օգտագործումն ու տեխնիկական սպասարկումը Ադրբեջանի սպաների և զինվորների մակարդակը կբարձրացնի մեկ աստիճանով։ Գրիգորյանը նաև նշեց, որ Ռուսաստանի քաղաքականության փոփոխությունը կարող է մեր տարածաշրջանում անկայություն մտցնել։ «Սակայն ոչ թե պետք է նեղանալ, կոշտ քայլեր անել, այլ հակառակը՝ աշխատել»։ Բացի այդ, ըստ նրա, միայն Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցելով չպետք է բավարարվել։ «Եթե մենք տեսնում ենք, որ հավասարակշռությունը խախտվում է, ինչու չէ՝ չպետք է մերժել Իրանի առաջարկները Ղարաբաղի հարցում, պետք չէ մերժել Եվրամիության առաջարկներն այլ հարցերում, ինչ է եղել՝ Ռուսաստանը չի ուզում, Հայաաստանի նոր տոմակայանը կկառուցի ԱՄՆ-ն՝ ավելի էժան գներով և որակյալ»,- մանրամասնեց բանախոսը։ Նա նորմալ է համարում այն, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական պայմանագիր են կնքել. «Առանց այն էլ այդ երկրները ռազմավարական գործընկերներ էին, պարզապես դա ամրագրեցին փաստաթղթով»։

No comments: