Thursday, August 5, 2010

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցել է Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին

Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունն այցելեց Թեհրանի համալսարանի Կովկասագիտության կենտրոն, ծանոթացավ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին եւ ծրագրերին, հանդիպում ունեցավ աշխատակազմի հետ: Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի ունեցավ Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցեցին Իրանի ԱԳՆ դիվանագետներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարին ելույթ ունեցավ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իսկ Գրիգոր Առաքելյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին: Այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն ունեցավ մի շարք պաշտոնական հանդիպումներ: Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Իրանի ԱԳ կրթական հարցերով նախարարի տեղակալ Խոռամշադիի հետ հանդիպմանը քննարկվեցին կրթական, գիտահետազոտական եւ երիտասարդ դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Երկուստեք բարձր գնահատվեց հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կարեւորվեցին երկկողմ փոխայցելությունները, ինչպես նաեւ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հետագա խորացումը:

No comments: