Wednesday, August 18, 2010

Թուրքագետ. չմասնակցելով Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին՝ սպանում ենք մյուս հայկական եկեղեցիների վերաբացման նախադեպը

Վանի Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագին չմասնակցելով՝ հայերը ջուր են լցնում Թուրքիայի ջրաղացին: Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա նշեց, որ պետք է օգտագործել նախադեպը՝ ապագայում Թուրքիայում տեղակայված հայկական մյուս եկեղեցիների վերաբացման եւ դրանցում ծիսակատարությունների անցկացման հարցը հասունացնելու նպատակով: «Հնարավոր է Ախթամարի նախադեպն օգտագործենք եւ Անիի եկեղեցիներից մեկը վերանորոգենք, վերաօծենք եւ կրկին տարին մեկ Անին մերը լինի»,-նշեց Շաքարյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան փոփոխվող երկիր է եւ գալիք իշխանությունները գուցե նախադեպն օգտագործելով՝ զարգացնեն դա: «Իսկ եթե նախադեպը սպանենք՝ ապա կվերադառնանք հին տաշտակին»,-նկատեց Շաքարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մասնակցի պատարագին, եւ լրատվամիջոցներով, միաժամանակ միջազգային կառույցներում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում վերաձեւակերպի իր հայցը: «Պետք է հիշեցնենք, որ պահանջում ենք հայկական եկեղեցիների վերաբացում, վերաօծում եւ ծիսակատարությունների կատարում»,-նշեց թուրքագետը: Հիշեցնենք, որ 2007-ին վերանորոգված եւ որպես թանգարան գործող Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ, այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական կողմի հավաստիացմամբ, եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի: Թուրքիայի իշխանությունները Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգելուց ու թանգարանի վերածելուց հետո, թույլ են տվել տարին մեկ անգամ այստեղ պատարագ մատուցել:

No comments: