Wednesday, August 18, 2010

Հայոց Ցեղասպանության բանաձևը ԱՄՆ Կոնգրեսում ևս մեկ աջակից ունի

Tert.am. 18-8-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հեղինակած 252 բանաձևը, որն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ճանաչել 1915թ. Հայոց Ցեղասպանությունը, ևս մեկ կողմնակից ունի։ Բանաձևի 147 համահովանավորներին խոստացել է միանալ կոնգրեսական Փիթեր Քինգը, որն այս մասին հայտարարել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի արևելյան գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Վերջին անգամ Քինգը Հայոց Ցեղասպանությունը սատարող բանաձևին աջակցել էր 10 տարի առաջ՝ 106–րդ գումարման կոնգրեսում։ «Շատ ոգևորված ենք, որ կոնգրեսական Քինգը կրկին հանահովանավորում է բանաձևը։ Այն, որ կոնգրեսական Քինգը միացել է բանաձևը սատարողներին, որոնց թիվն անընդհատ ավելանում է, նոր խթան է, որպեսզի բանաձևը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատում»,– Armenian Weekly պարբերականը մեջբերում է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի արևելյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարո Մանջիկյանի խոսքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս տարվա մարտի 4-ին ընդամենը մեկ ձայնի առավելությամբ (23-22) հավանության արժանացրեց 252 բանաձևը։

No comments: