Wednesday, August 18, 2010

Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա. ՀՀ ԱԳՆ

Panorama.am. 18-8-2010- Սանկ-Պետերբուրգում հունիսին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերին առաջարկվել է մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները այդ փաստաթղթի հիման վրա: Այդ մասին այսօր Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով լրագրողի հարցին` ո՞ր մակարդակում է գտնվում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում եռակողմ` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումը տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ հունիսի 17-ին: Այնուհետև Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության շրջանակներում: Նախարար Նալբանդյանը նաև հիշատակեց ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած մի շարք եռակողմ` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումները ու նշեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օգնությամբ ու մասնակցությամբ ևս տեղի են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներ: «Ռուսական կողմի բոլոր այդ միջնորդական ջանքերը աջակցություն են ստացել հիմնախնդրի բանակցություններում միջնորդ հանդիսացող մյուս երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից», -հավելել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

No comments: