Wednesday, August 18, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ «ՀԱԿԱԿՇՌՈՒՄ Է» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՞Ն

Ձեռքի հետ էլ մեծացնում ու «սնում» է Ադրբեջանի` պատերազմ վերսկսելու հովերը «ԱԶԳ», 18-08-2010- Ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ օգնության փաստաթղթերը հաստատապես հերթական ստորագրվող թղթերից չեն ու դժվար թե որեւէ պարագայում անլուրջ ընկալվեն, անգամ, երբ այդպիսի փաստաթուղթ են ստորագրում Ադրբեջանն ու Թուրքիան: «Ազգն» երեկվա համարում ներկայացրել էր մանրամասներ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Ադրբեջան երկօրյա պաշտոնական այցելության մասին, ներկայացնելով նաեւ տեղեկությունը, որ այս երկու երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ օգնության համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրումից հետո, ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի, Ալիեւ կրտսերը Գյուլի հետ համատեղ ասուլիսում ստորագրված փաստաթուղթը պատմական է որակել: Բնականաբար, Ալիեւն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Թուրքիայի հետ համատեղ իրականացվող Բաքու-Ջեյհան եւ Բաքու-Էրզրում խողովակաշարային նախագծերին, դրանց կողքին խոսելով նաեւ Բաքու-Կարս երկաթգծի մասին: Հետաքրքրական է, որ Ալիեւ կրտսերը հայտարարել է, թե վերջինի նման էլի նախագծեր կան, որոնք դեռեւս քննարկման փուլում են: Այս տեղեկությունը դժվար թե հիմք տա ենթադրելու, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը շրջանցող նախագծերի հերթական քննարկումը զուգահեռվում է այն տրամաբանությանը, թե մոտ է հայ-թուրքական սահմանի բացումը: Ղարաբաղյան հարցին վերաբերող ելույթի պարտադիր «օկուպացիա եւ միլիոնավոր փախստականներ» թեմային Ալիեւն, ի պատասխան լրագրողների հարցերին, ավելացրել է, թե բանակցային գործընթացում «որոշիչ փուլի ենք հասել, քանի որ վերջին 5-6 տարում բանակցությունները հանգեցրել են որոշակի առաջարկների պատրաստմանը»: Չհստակեցնելով, թե խոսքը Մինսկի խմբի համանախագահների որ առաջարկների մասին է, Ալիեւը հայտարարել է. «Առաջարկները հավասարակշռված են եւ դրանց ընդունման դեպքում հարցը հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ալիեւի ներկայացմամբՙ «Հայաստանի ուժերը դուրս են բերվում Ադրբեջանի օկուպացված տարածքներից, Ադրբեջանի քաղաքացիները վերադառնում են իրենց հայրենի հողեր, դրան զուգահեռ կտեղակայվեն խաղաղապահներ, նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի գործառնությունը, այլ հարցեր»: Կրկին չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի «այլ հարցեր» ասելով` Ալիեւն, այնուամենայնիվ, հնչեցրել է, թե Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը ապագայի խնդիր է: Թուրքիայի նախագահ Գյուլն էլ, հասկանալի պատճառներով, մի քիչ Արեւմուտքին է «յուղել», մի քիչ` Ադրբեջանին, այն մոտեցմամբ, թե հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, բայց «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանը սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ բացելու մասին խոսակցություններին, Թուրքիայի նախագահը, ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի, ուղղակի ոչինչ չի պատասխանել: Գյուլը մասնավորապես նշել է. «Կարեւոր է բոլոր խնդիրների քննարկումը... Երբեմն բաց ենք քննարկում, երբեմն շատ կարեւոր հարցերը լուծվում են անաղմուկ...»: Իսկ թե կբացվի՞ սեպտեմբերյան զորավարժությունների ժամանակ հայ-թուրքական սահմանը, Գյուլը որեւէ կերպ չի պարզաբանել: Այս հայտարարությունների ֆոնին, որքան ել դրանցում շեշտվի ղարաբաղյան հարցը խաղաղ լուծելու պատրաստակամության մասին, թեկուզ դեկլարատիվ, Ադրբեջանում Թուրքիայի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ օգնության համաձայնագիրը բավականին «ոչ խաղաղ» է ընկալվում: Ադրբեջանի քաղաքական մտքի տարբեր ներկայացուցիչներ, որոնց հայտարարությունների մեծ մասը վերեւների թելադրանքի «քաղաքագիտական շարադրանքն» է, նմանօրինակ համաձայնագրի ստորագրումը մեկնաբանել են` ելնելով այն արձանագրությունից, որ պատրաստվում է Հայաստանը ստորագրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցելության ժամանակ: Խոսքը Գյումրու ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում 25 տարվա փոխարեն 49 տարով երկարաձգելու մասին է: Ադրբեջանում այս իրադարձությանը, «քաղաքագիտական» մոտեցմամբ, փորձում են հակադրել Թուրքիայի հետ ստորագրված համաձայնագիրը` վերջինս ներկայացնելով որպես անուղղակի պատասխան Ռուսաստանի` Հայաստանի հետ ռազմաբազայի առնչությամբ ստորագրելիք փաստաթղթին: Իսկ որ ավելի վատ է, Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության համաձայնագրի ստորագրումը մեկնաբանվում է նաեւ որպես Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանին «եղբայրական օգնության տրամադրման» երաշխիք: Ադրբեջանում նաեւ հույս ունեն, թե Թուրքիայի հետ ստորագրված համաձայնագիրը տարածաշրջանում իրավիճակի «աշխարհաքաղաքական փոփոխության» առումով մտածելու տեղիք կտա դեռեւս Հայաստան չժամանած Ռուսաստանի նախագահին, ինչպես նաեւ կարող է փոխել արդեն իսկ հայտնի մտադրությունը, թե ռազմաբազայի տեղակայումը կերկարաձգվի ոչ թե 25, այլ 49 տարով: Ամեն դեպքում, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանում այս համաձայնագրով երաշխավորված են համարում Թուրքիայի աջակցությունը: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: