Thursday, August 12, 2010

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը չի հերքում իր մոր հայ լինելը

News.am. 12-8-2010- Թուրքական Beyaz TV հեռուստաընկերության եթերում, իրեն ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության մասնագետ համարող Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն անդրադարձել է Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատներին։ «Մամուլի կուլիսներում» հաղորդաշարի ընթացքում հիմնական հարցերը վերաբերել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի ունեցվածքին, նրանց թանկարժեք հագուկապին։ Հաղորդման մասնակից լրագրողներից Ֆիքրի Այքուզը հիշեցրել է, թե Քըլըչդարօղլուի դեմ հանդես եկող լրատվամիջոցները հատուկ շեշտում են նրա հայկական արմատների մասին՝ նշելով, թե Քըլըչդարօղլուն հայ է։ Այս հարցին Անկարայի քաղաքապետը հետեւյալ կերպ է պատասխանել. «Եթե մեկը Թուրքիայի հանրապետության քաղաքացի է, դրանից հետո սխալ է քննարկել նրա ազգային պատկանելիությունը, ով էլ նա լինի։ Նա, որպես Թուրքիայի քաղաքացի, ամեն իրավունք ունի։ Հարցեր եղել են նրա մոր հայ լինելու հետ կապված, որոնք պարոն Քըլչդարօղլուն չի հերքել։ Սակայն, դա կարեւոր չէ։ Շատերը գիտեն, որ նա ընտրությունների ժամանակ Ստամբուլի հայ համայնքից աջակցություն էր խնդրում»-նշել է Անկարայի քաղաքապետը՝ հիշեցնելով, որ իր մայրն էլ Կոսովոյից է։ Նշենք, որ մայիսին, ինտերնետում մի սեռական սկանդալի տեսագրություն էր հայտնվել, որից հետո հրաժարական էր տվել Դենիզ Բայկալը, իսկ նրան «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինել է հիշյալ կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Քըլըչդարօղլուի ընտրվելը արագ բաձրացրեց ընդդիմադիր կուսակցության վարկանիշը՝ ընդհուպ հավասարեցնելով իշխող կուսակցության վարկանիշին։ Դերսիմում ծնված Քեմալ Քըլըչդարօղլուին ուղղված այն հարցին, թե արդյոք, իր մայրը հա՞յ է, պատասխանել է, որ իր մայրը հնարավոր է լինի թե' հայ, թե' քուրդ թե' հույն։

No comments: