Sunday, August 29, 2010

ԴՅՈՒՄԱ ՀԱՅՐՆ ՈՒ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

«Lragir.am», 27.08.10: Հայաստանի ներքաղաքական կյանքը կանգնած է: Ինչքան էլ թվում է, որ հայ-ռուսական վերջին համաձայնագրերը կարող էին շարժել այդ կյանքը, այդուամենայնիվ այն կանգնած է, եւ թերեւս հաստատապես որոշել է սեպտեմբերից առաջ չընկնել, ինչ էլ որ լինի: Մյուս կողմից էլ դա վատ չէ: Միեւնույն է, այդ ներքաղաքական կյանքից երկրի ճակատագրի առումով վաղուց արդեն ոչինչ կախված չէ, եւ ավելորդ աժիոտաժից բացի, այդ կյանքը ոչ մի արժեքավոր բան չի ներկայացնելու: Առանց բացառության բոլորն են համակերպվել այն իրողությանը, որ արտաքին պրոցեսներն են կանխորոշելու Հայաստանի ներքին զարգացումները: Ուրեմն ճիշտ են այդ կյանքի սուբյեկտները, որ թե իրենց ամառը չեն խանգարում, թե չեն խանգարում հանրության ամառը, առավել եւս որ դրան մնացել է մի քանի օր: Նույնիսկ շատ լավ կլիներ, եթե ներքաղաքական կյանքի սուբյեկտները հին տոմարն էլ հարգեին եւ ամառը հին տոմարով հաշվեին: Գուցե կլինեն մարդիկ, որոնք կասեն, որ նորմալ չէ, երբ երկրի շուրջ տեղի են ունենում արտաքին լուրջ գործընթացներ, իսկ ներքին քաղաքական կյանքում գրեթե բացակայում են համարժեք քաղաքական նախաձեռնությունները, քաղաքական կյանքը: Իհարկե նորմալ չէ, բայց դա նորմալ պետություններում: Իսկ Հայաստանի պարագայում դա թերեւս միանգամայն նորմալ իրողություն է, եւ աննորմալ է հակառակ վիճակը: Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ, կամա թե ակամա դրսեւորվող աննորմալությունները շատ արագ զիջում են իրենց տեղը նորմալ հայկական իրականությանը: Իսկ որն է այդ իրականության բուն էությունը: Թող տարօրինակ չթվա, բայց դա թերեւս իր կամքից անկախ լավագույնս բացահայտել է արկածային գրականության “ռահվիրաներից” մեկը` Դյումա հայրը, իր Կոմս-Մոնտե Քրիստո արկածային վեպում. “երբ Աստված փակ է պահում ապագայի վարագույրը, մարդկային ամբողջ իմաստնությունը երկու բառի մեջ է` սպասել եւ հուսալ”: Լավ կլիներ իհարկե, որ հայկական քաղաքական իրականության բանաձեւը տված լիներ որեւիցե մի հայ գրող, բայց խնդիրը թերեւս այն է, որ հայ գրողները թերեւս կապ չունեն հայ իրականության հետ: Եվ հետո, քանի որ Հայաստանի գործընթացները որոշվում են արտերկրից, ապա բնորոշումներն էլ պետք է գան արտասահմանյան գրականությունից: Եվ սպասում է Հայաստանի քաղաքական դաշտը, եւ հույս փայփայում: Ամեն մի սուբյեկտ իր մասով, ամեն մի գործիչ իր մասով: Իշխանությունը սպասում է, որ կտրվեն հարատեւության նորանոր երաշխիքներ, ընդդիմությունը սպասում է, որ այդ երաշխիքները մի օր կավարտվեն, եւ իշխանությունը կտապալվի եւ ինքը կգա նրա տեղը, մեկ ուրիշը սպասում է, որ մի օր ընդդիմությունը կտապալվի եւ ինքը կգա նրա տեղը: Միգուցե դա իսկապես իմաստնություն է, առավել եւս որ այդ մասին դիտողություններին հնչում է “երկաթյա” պատասխանը` “իսկ ինչ եք առաջակում անել”: Եվ դրան իսկապես չկա պատասխան: Ինչ առաջարկես անել քաղաքական ուժին: Ինչ էլ առաջարկես, ավելորդ է, որովհետեւ ուժը քաղաքական է կոչվում այն բանի համար, որ գիտե ինչ անել եւ առաջարկների չէ, որ սպասում է: Հետեւաբար երբ ասվում է, որ “մենք գիտենք, թե ինչ ենք անում”, դա համեմատության մեջ շատ ավելի ռացիոնալ եւ քաղաքական բովանդակություն ունեցող պատասխան է, քան երբ ասվում է` “մենք այսքանն ենք կարողանում, եթե դուք ավելին գիտեք կամ կարող եք, գնացեք արեք”: Եվ ընդհանրապես ինչ է նշանակում “գնացեք արեք” արտահայտությունը: Ինչու է ամեն հանդիմանության կամ դիտողության մեջ անպայման նկատվում ծայրահեղության կամ արմատականության կոչ կամ պահանջ: Միթե անելիքը կամ սպասումն է, կամ ծայրահեղությունն ու արմատականությունը: Քաղաքական կյանքի անկենդանությունը հասել է այնտեղ, որ նույնիսկ հանդիմանությանն ու դիտողություններին տրվող պատասխանները քաղաքականից վեր են ածվում գրեթե քաղքենիականի: Բոլորը գիտեն ինչ են անում, միայն հասարակությունը ոչ մի կերպ չգիտե եւ չի կարողանում իմանալ ինչ են անում բոլորը` ընդդիմությունից մինչեւ իշխանություն, պոտենցիալ ընդդիմությունից մինչեւ պոտենցիալ իշխանություն: Կասկած չկա, որ բոլորն էլ պայքարում են: Բանն ուղղակի այն է, որ շատերն են արդեն մոռանում, թե ինչի համար: Ասում են աշունը թեժ է լինելու, կամ սպասում են դրան: Իհարկե թեժ է լինելու: Հայաստանում վերջին տարիներին ո՞ր մի աշունը թեժ չի եղել: Բայց ինչքան ուզում է թեժ լինի, կրակի վրա բան պիտի լինի դրած, որ մի բան դուրս գա այդ թեժությունից: Թե չէ աշնանը կրակին սովորաբար միայն բադրիջաններ են լինում, իսկ դուրս եկածն էլ` բադրիջանի խավիար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: