Thursday, August 5, 2010

Հայ պատվիրակները պատրաստվում են չեզոքացնել ՆԱՏՕ-ում քննարկվելիք բանաձեւը News.am. 5-8-2010- ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ցանկացած քննարկում ունենալու է խորհրդատվական բնույթ եւ պարտադիր կիրառման ենթակա չի լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ ԽՎ-ի հերթական հանդիպման ժամանակ ԼՂ հարցով բանաձեւի սպասվող քննարկմանը: «Այն դիրքորոշումները, որոնք հայկական կողմը հնչեցրել է բազմաթիվ անգամ, մենք դրանք կրկին ներկայացնելու ենք խորհրդարանական վեհաժողովում եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ավելի լսելի ու հասկանալի դառնան այդ դիրքորոշումները»,- ասաց Ավագյանը: Հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ է պատրաստվում իրականացնել հայկական կողմը՝ թույլ չտալու, որ Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւում ոչ հայանպաստ ձեւակերպումներ գտնեն, պատգամավորն արձագանքեց. «Առաջին քայլը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակն էր՝ ուղղված ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավարությանը: Հաջորդ քայլը ՆԱՏՕ-ում մեր դեսպանի միջոցով այդ խնդիրը լուծելն է՝ հնարավորինս մեղմելով, չեզոքացնելով կամ փոխելով ՆԱՏՕ-ի մոտեցումները ԼՂ հարցի վերաբերյալ»: Կարեն Ավագյանն ասաց նաեւ, որ սպասվող բանաձեւի քննարկումներին ուղղված գործողությունների համալիր ծրագիրը կներկայացնի համապատասան քննարկումներից հետո: Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ժամանակ առաջ նամակ էր ուղարկել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին, որում ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ ԽՎ-ի հերթական հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին՝ Վարշավայում: Հանդիպման ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի ընդունում՝ ադրբեջանական նախաձեռնությամբ ներկայացված զեկույցի հիման վրա:

No comments: