![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhHUbmGtD-WeCAzoLBqu3ikO_e1XjAViMjJh1VLsnMm_AD-J6G9FCQEnYt5Ut8O0gDAbdzawLD1dWoMYj3MaYl1qC_U51HZzEplkURhBQrnCdt6HmrzxSHxnwEu42wPxMgx_eRZQgL7moA/s200/Istanbul6,Web.jpg)
News.am. 31-7-2010- TEZ TOUR ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը խոստովանել է Ալանիայում հայ զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպի փաստը: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ընկերության տնօրեն Նարինե Դավթյանը հաստատել է, որ նման միջադեպ իրոք տեղի է ունեցել: NEWS.am-ը մեջբերում է Նարինե Դավթյանի պատասխան տեքստը՝ առանց որեւէ խմբագրման:
«Մեր զբոսաշրջիկներն իսկապես հանգստացել են Ալանիայի «Авенрура Парк»-ում: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է TEZ TOUR-ի Անթալիայի գրասենյակը: Զբոսաշրջիկներին է մոտեցել զբոսավարը՝ տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու համար: Արդյունքում պարզվել է, որ հանգստացողների եւ հյուրանոցի սպասարկող անձնակազմի միջեւ վեճ է տեղի ունեցել, քանի որ հյուրերը ալկոհոլի ազդեցության տակ են եղել եւ իրենց պահվածքով հյուրանոցի անձնակազմին դրդել են կոնֆլիկտի, ինչի հետեւանքով վեճը վերածվել է ծեծկռտուքի: Հյուրանոցի ադմինիստրացիան ոստիկանություն է կանչել: TEZ TOUR-ի աշխատակիցների եւ հյուրանոցի անձնակազմի միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո հյուրանոցը բողոքը հետ է վերցրել: Կոնֆլիկտը հարթելուց հետո Սարաջյան ընտանիքը մինչեւ հանգստի ավարտը մնացել է հյուրանոցում եւ նրանք այլ հյուրանոց տեղափոխվելու որեւէ պահանջ կամ ցանկություն չեն հայտնել: Հարկ է նշել, որ տվյալ միջադեպը միակ դեպքն է Հայաստանում TEZ TOUR-ի գործունեության ողջ ընթացքում»:
TEZ TOUR-ը հավաստիացնում է, որ «անկախ իրավիճակից եւ այն հանգամանքից, թե որ երկրում են նրանք գտնվում, մեր զբոսաշրջիկները մշտապես ստանում են անհրաժեշտ աջակցութուն եւ օգնություն ցանկացած խնդրի լուծման հարցում»:
NEWS.am-ը չի տպագրում միայն TEZ TOUR-ի պատասխանի վերջին հատվածը, քանի որ այդ հատվածը ընկերության բացահայտ գովազդն է:
Հ.Գ. Խմբագրությունը ձեռնպահ է մնում միջադեպի վերաբերյալ TEZ TOUR-ի ներկայացրած վարկածի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անելուց: Ամենատարրական հարցը, որը ծագում է ընկերության ներկայացրած պատասխանն ընթերցելուց հետո՝ այս է. «Արդյո՞ք 15-ամյա անչափահասը նույնպես հարբած է եղել, ով նույնպես ծեծի է ենթարկվել հյուրանոցում»:
No comments:
Post a Comment