«Հայաստանի իշխանությունները պետք է ծանրութեթեւ անեն՝ այսպիսի երկար ժամանակահատվածով որեւէ արձանագրություն ստորագրելուց առաջ»,- անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ պայմանագրում կատարվող փոփոխություններին՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:Նա նշեց, որ իրեն ավելի շատ մտահոգում է վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունների կեցվածքն ու կոնկրետ գործողությունները, մասնավորապես՝ «այն որ, Ռուսաստանի նախագահը ստորագրեց մի հայտարարության տակ, որում ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքները համարվում են «օկուպացված»:
Այն, որ ՌԴ նախագահը Թուրքիայում ասաց, որ ԼՂ-ի շուրջ բանակցությունների մասին տեղյակ է պահելու իր թուրք գործընկերոջը՝ այն դեպքում, երբ Թուրքիան ընդգծված կողմնակալ մոտեցում ունի ԼՂ հարցի վերաբերյալ: Այն, որ ՌԴ-ի ԱԳՆ-ն, փաստորեն, չհերքեց Ադրբեջանին ռազմավարական նշանակության հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելու փաստը: Ինչպես նաեւ այն, որ Ռուսաստանի նախագահը Հայաստան է այցելելու այլ մակարդակով՝ ՀԱՊԿ շրջանակներում, ինչը նշանակում է, որ այդ այցելությունը վերածվելու է մի լղոզված միջոցառման: Մինչդեռ սեպտեմբերին Բաքու ակնկալվող այցը կարծես թե երկկողմ բնույթ է կրելու»:
Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հիշատակված փաստերը խիստ մտահոգիչ են, եւ այս ֆոնի վրա ստորագրվելիք արձանագրությունը «դիսոնանս» է առաջացնում:
Ինչ վերաբերում է պայմանագրում նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը, այդ կապակցությամբ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Եթե պատերազմական գործողությունները սկսվեն ԼՂ-ի վերահսկողության տարածքներում, ապա, նկատի ունենալով պատերազմ վարելու ժամանակակից պայմաններն ու մեթոդները, ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս պետք է ապահովվի Հայաստանի անվտանգությունը համապարփակ կերպով»,-տարակուսեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով: Փաստաթուղթը նախագծային փուլում է եւ դրա վերջնական տեքստը կներկայացվի առաջիկայում տեղի ունենալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Sunday, August 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment