Tuesday, September 7, 2010

Թուրքիան ՌԴ-ին առաջարկում է ոչ շահավետ պայմաններ Սամսուն-Ջեյհան ծրագրի առնչությամբ

Tert.am. 7-9-2010- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իրագործելի է համարում Թուրքիայում Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման նախագիծը ռուսական ընկերությունների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։
«Ես կարծում եմ, որ սա իրագործելի նախագիծ է, և ես հիմքեր ունեմ կարծելու, որ Թուրքիայի հետ համատեղ այդ աշխատանքը մենք դրականորեն կավարտենք»,- ասել է Պուտինը` հավելելով. «Մենք Էրդողանին խոստացել ենք, որ կմասնակցենք այդ գործին, և այդպես էլ կանենք»։
Սամսուն-Ջեյհան նավթատարը նախատեսվում է կառուցել սևծովյան Սամսուն քաղաքից մինչև միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։ Այն նախատեսված է մեկ տարում 60-70 մլն տոննա նավթ մղելու համար և թույլ կտա այն տեղափոխել՝ շրջանցելով Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։
Նախորդ տարվա հոկտեմբերին Միլանում ստորագրվել էր պայմանագիր, որով ռուսական Роснефть, Транснефть և Совкомфлот ընկերությունները թուրքական Calik խմբի և իտալական Ենի-ի հետ կմասնակցեն Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցմանն ու շահագործմանը, ինչպես նաև նավթամթերքի տեղափոխմանը, վերամշակմանն ու համատեղ վաճառքին։ Նախագծի նկատմամբ հետաքրքրության մասին հայտարարել է ռուսական ЛУКОЙЛ-ը։ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտնել է, որ Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման ծրագրում ներդրումները կկազմեն 3 մլրդ դոլար։
Միևնույն ժամանակ սեպտեմբերի 3-ին ռուսական նավթատարերերի մենաշնորհատեր Транснефть ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարևը հայտարարել է, որ ընկերությունը բավարարված չէ Թուրքիայի հետ Սամսուն-Ջեյհան նախագծի հարցով բանակցությունների ընթացքից։ Ըստ նրա՝ թուրքական կողմը փորձում է միակողմանիորեն ապահովել իր առավելությունը և ՌԴ-ին առաջարկում է նախագծի առնչությամբ ոչ շահավետ պայմաններ։

No comments: