Wednesday, September 8, 2010

Մինսկի խումբը պետք է Ադրբեջանին ստիպի հետ կանչել բանաձևի նախագիծը. Մայքլ Քամբեկ

«Tert.am», 08.09.10: «Հայաստանի եվրոպական ընկերներ» (EuFoA) կազմակերպությունը Եվրամիության երկրներին կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «դեմ» քվեարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությանը, սակայն առայժմ ԵՄ ոչ բոլոր երկրների դիրքորոշումն է այս հիմնախնդրի հարցում հստակ: «Կապիտալի» հետ զրույցում կազմակերպության նախագահ Մայքլ Քամբեկը պատմում է, թե ինչո՞ւ են իրենք պայքարում, որ Եվրամիությունը միասնական դիրքորոշմամբ հանդես գա միջազգային այլ ատյաններում:
-«Հայաստանի եվրոպական ընկերներն» ի՞նչ քայլերի են դիմում, որպեսզի ԵՄ երկրներն այս հիմնախնդրի շուրջ ընդհանուր դիրքորոշման հանգեն:
-Մենք այս կոչը հենց այդ պատճառով ենք արել: Այս կոչով մենք ԵՄ մայրաքաղաքներին, նրանց արտգործնախարարներին ու Բրյուսելում նրանց պատվիրակներին, ինչպես նաև ԵՄ մակարդակով համապատասխան որոշումներ կայացնող անձանց զգուշացրել ենք, որ իրենք պետք է զբաղվեն այս հարցով և համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները: Եվրամիությունը միշտ փորձում է ընդհանուր կարծիք ունենալ և համաձայնեցնել գործողությունները ՄԱԿ-ի մակարդակով, սակայն դա շատ լավ գործում է միայն ավելի մեծ հիմնախնդիրների` Իրանի, Աֆղանստանի դեպքում: Մեր կոչի նպատակն է ցույց տալ, թե որքան կարևոր է այս նախաձեռնությունը և թե ինչու Եվրամիությունը լավագույնս պետք է արձագանքի ընդհանուր որոշմամբ: Թույլ տվեք հավելել, որ մենք դեռևս չենք կարող վստահ լինել, որ նման ընդհանուր մոտեցումը քաղաքականապես հնարավոր է 27 երկրների դեպքում, սակայն մեր ուղերձը շատ պարզ է, և այժմ մայրաքաղաքներն առնվազն հասկանում են, թե կոնկրետ ինչն է վտանգված:

-Եթե ՄԱԿ-ի բանաձևն ընդունվի, Ադրբեջանը կշարունակի փորձել նմանատիպ փաստաթղթեր ձեռք բերել միջազգային այլ հարթակներում էլ, ինչը վտանգավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունների համար: Ի՞նչ եք կարծում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կկարողանա՞ն դիմակայել Ադրբեջանի նախաձեռնություններին` վերջինիս ստիպելու հարգել բանակցությունների ներկայիս ձևաչափը:
-Ադրբեջանը չի կարող հավերժ շարունակել այս մարտավարությունը: Ամեն անգամ գործելով նման կերպ` նրանք ցույց են տալիս, որ իրականում շահագրգռված չեն հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Նրանց պատերազմական սպառնալիքները գումարվում են այդ վատ իմիջին և էլ ավելի թուլացնում նրանց բանակցային դիրքերը: Անգամ եթե նրանք ինչ-որ բանի հասնեն միջազգային-քաղաքական տարբեր հարթակներում, դա միայն խոչընդոտելու է գործընթացին Մինսկի խմբի շրջանակում: Կարծում եմ` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Ադրբեջանին ստիպի հետ կանչել բանաձևի նախագիծը: Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է դուրս գալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններից, նա նախ կկորցնի բարոյական բոլոր հիմքերը, ապա կհամոզվի, որ այս հակամարտության հնարավոր լուծումները բոլոր դեպքերում շատ նման են լինելու Մադրիդյան սկզբունքներին` ներառյալ Ղարաբաղում ազատ կամքի պարտադիր արտահայտումը: Բանակցային ձևաչափի փոփոխումը կհանգեցնի միայն առավել շատ անորոշության, ժամանակի առավել մեծ կորստի և զինված գործողությունների սկսման ավելի մեծ վտանգի: Սա չի համապատասխանում ոչ ոքի շահերին:
-Բաքուն ու Բելգրադը կարծում են, որ կստանան միմյանց աջակցությունը տարածքային ամբողջականության սկզբունքին վերաբերող ցանկացած հարցում http://www.cdaily.am/home/paper/2010_08_26/news/20892/` թերևս վստահ լինելով, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի ու Կոսովոյի հիմնախնդիրներն իրար նման են: Արժե՞ արդյոք, որ Հայաստանը և հայկական կողմին աջակցող կազմակերպությունները պաշտպանեն այս երկու հիմնախնդիրները նույն հարթակում դիտարկելու գաղափարը:

-Լեռնային Ղարաբաղն ու Կոսովոն ունեն որոշ ընդհանուր կողմեր և շատ տարբերություններ: Ինչպես կոֆլիկտային բոլոր գոտիներում, այստեղ պետք է լինի քաղաքական յուրահատուկ լուծում` համապատասխան շահագրգիռ բնակչության կարիքներին ու քաղաքական զգայունությանը: Մինսկի խումբը ճիշտ հենց այսպիսի լուծման է ձգտում: Միայն հիմնական սկզբունքներն են կիրառելի բոլոր հակամարտությունների համար` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Հայաստանը ճիշտ է վարվում` պաշտպանելով այս երեք սկազբունքները, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս միայն ցանակնում է կիրառել մեկը: Թվում է` Ադրբեջանը մոռացել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կամ ԵՄ-ն երբեք չեն ընդունի որևէ լուծում, որը հիմնված չէ բոլոր երեք սկզբունքների վրա` անկախ այն բանից, թե Ադրբեջանն ինչ ատյանի կցանկանար դիմել, կամ այն բանից, թե խաղաղ բանակցություններում ով հանդես կգա որպես միջնորդ:

No comments: