Wednesday, September 8, 2010

ԱԶԿ-ականները ծեծում են ԺՀԿ-ական կանանց. հանրաքվեից առաջ թուրքերի նյարդերը տեղի են տալիս

«Tert.am», 08.09.10: Թուրքիայում սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեի առնչությամբ քարոզարշավն անցկացվում է բավական լարված մթնոլորտում: Թուրքիայի մի շարք շրջաններում բախումներ են տեղի ունենում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) անդամների և ընդդիմադիրների միջև:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` երեկ Ստամբուլի Բահչելիեվլեր շրջանում Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը մահակով ծեծել է անցորդներին բրոշյուրներ բաժանող Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության (ԺՀԿ) կանանց թևի ներկայացուցիչներին:
Դեպքից անմիջապես հետո հարձակման ենթարկված երեք կանայք` Գյուլհան Աթըլըրը, Էդա Օզդեմիրը և Նուրայ Թաշանը, դիմել են ոստիկանություն:
Բահչելիեվլերի համայնքային խորհրդի նախագահ ԺՀԿ-ական Բերհան Շիմշեքը ծեծված կանանց լուսանկարները տրամադրել է լրագրողներին, որոնք էլ դրանք հրապարակել են մամուլում:
Նշենք նաև, որ հարձակման ենթարկվում են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները: Երեկ Մերսինի մզկիթներից մեկի դիմաց հանրաքվեին «այո» ասելու կապակցությամբ աղոթք անող Էմին Քոջաասլանը հարձակման է ենթարկվել «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից:

No comments: