Tuesday, October 19, 2010

Դ. Բաբայան. Ագրեսորի անպատժելիությունը՝ ագրեսիայի զարգացման, ուժեղացման լավագույն մեթոդն է

Panorama.am. 19-10-2010- «Ես կարծում եմ, որ ընդհանրացնել այդ բոլոր գործընթացները, հավասարեցնել հրադադարի ռեժիմի իրական խախտողին հրադադարի ռեժիմը պահպանողի հետ, առավել վտանգավոր է դարձնում իրավիճակը»,- անդրադառնալով Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի՝ ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Պ. Սեմնեբին մասնավորապես նշել է, թե անհրաժեշտ է ուժեղացնել հրադադարի համաձայնագրի ռեժիմը շփման գծում, որտեղ վերջին ամիսներին դիտվել են միջադեպեր և փոխհրաձգություններ:
«Եթե հետևեք իրադարձությունների զարգացմանը, ապա պարզ նկատելի է դառնում, որ տարիներ ի վեր փորձ է արվում նույնականացնել կամ հավասար հարթության մեջ դնել հրադադարի ռեժիմի խախտողին ու անմեղ կողմին: Ինչի՞ն է սա հանգեցնում: Սա բերեց նրան, որ կտրուկ աճեց հրադադրի ռեժիմի խախտման դեպքերը հենց Ադրբեջանի կողմից»,- պարզաբանեց ԼՂՀ նախագահականի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, եթե նման հարցադրումներն անհասցե են լինում, դա բերում է առավել սրացումների, այդ առումով՝ մինչև չկոնկրետացվի, մինչև մեղավոր կողմի նկատմամբ համապատասխան քայլեր չարվեն, նման հայտարարությունները միայն ու միայն կվնասեն խաղաղ կարգավորման գործընթացին:
«Ընդհանրապես ագրեսորի անպատժելիությունը՝ ագրեսիայի զարգացման, ուժեղացման լավագույն մեթոդն է: Հետևաբար այդ նույնացումը, հավասարեցումը բերրի հող է ստեղծում իրավիճակի բացասական զարգացման համար: Ցավոք այս բանը Պիտեր Սեմնեբին և եվրոպական որոշ կառույցներ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»,- հավելեց Դ. Բաբայանը:

No comments: