Friday, October 15, 2010

ԽԱՆՔԵՆԴԻԻ ՁԱՅՆ, ԽՈՐԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 15-10-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը հայտարարություն է տարածել ազատագրված տարածքներում դաշտային առաքելություն իրականացնելու մասին: Այդ հայտարարության մեջ ուշագրավ է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի անվանման պահը: Համանախագահները տալիս են Ստեփանակերտի բուն անունը, եւ գծիկով նշում նաեւ այն անունը, որ Ստեփանակերտին տալիս են ադրբեջանցիները` Խանքենդի:
Ընդ որում, այդ միտումը կարծես թե նկատելի է նաեւ համանախագահների վերջին հայտարարություններում: Պարզ է, որ նրանք այդպիսով փորձում են դիվանագիտական հավասարակշռություն ապահովել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Խնդիրն այստեղ այն է, որ այդ փորձը միանգամայն հանգիստ են ընկալում հայկական կողմում, եւ թե պաշտոնական Երեւանը, թե պաշտոնական Ստեփանակերտը կարծես թե չեն փորձում իրենց դժգոհությունն արտահայտել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է, ոչ թե Ստեփանակերտ-Խանքենդին:

Հայկական կողմը համանախագահների այդ նժարապաշտությանը իր հանգիստ վերաբերմունքով վաղը թերեւս կհասնի նրան, որ Ադրբեջանցիները Խանքենդիից բացի շրջանառության մեջ կդնեն նաեւ այսպես ասած “ԼՂ վտարանդի կառավարության” մի գաղափար, եւ համանախագահներն էլ հավասարակշռությունը պահելու համար կսկսեն ԼՂ ներկայիս իշխանության հետ հանդիպելուց բացի հանդիպել նաեւ այդպես կոչված “ԼՂ վտարանդի կառվարության” ներկայացուցիչների հետ: Չէ որ համանախագահները հիմա էլ սկսել են հանդիպումները այսպես կոչված “Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ” եւ սկսել են իրենց խոսքերում եւ հայտարարություններում հիշատակել այդ “համայնքի” առկայությունը:
Համենայն դեպս դեպքերի այդ ընթացքը բացառելն արդեն պետք չէ: Եթե Ստեփանակերտի կողքին հայտնվել է Խանքենդին, ապա ապագայում կարող է հայտնվել էլ ինչ ասես:

No comments: