Friday, October 15, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ ՀԵՏՔԸ

«Լրագիր» 15-10-2010- Թող զարմանալի չթվա, բայց Հայաստանի իշխանության ներկայացուցիչների վարքուբարքի լավագույն բնորոշիչներ են դարձել անեկդոտները: Համենայն դեպս շատ ու շատ կարեւոր հարցերում իշխանության պահվածքը դժվար է լինում այլ միջոցով բնորոշելը, քան հայտնի անեկդոտներ հիշելը: Ահա դրանցից մեկը. Պոլոզ Մուկուչը վերադառնում է Վենետիկից, եւ գյումրեցիները նրանից փորձում են հարցնել հայտնի քաղաքից ստացված տպավորությունները: Եվ Պոլոզը իր տպավորությունները կիսում է հետեւյալ արտահայտությամբ. “Ջուրը լցվել էր քաղաքը, իրանց հեչ պետքը չէր, տանցի կխաղային”:
Այդ անեկդոտը հիշեցի, ծանոթանալով “Արմենպրես” գործակալության խնդրանքով Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի արձագանքին, որը վերաբերում էր ԱՄՆ իրապահաների բացահայտած հանցավոր խմբին: Հիշեցնեմ, որ այդ խումբը, որի տասնյակ անդամներ են ձերբակալվել, մեղադրվում է ԱՄՆ առողջապահական համակարգից մեքենայության միջոցով ավելի քան 160 միլիոն դոլար շորթելու համար:

“Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ ՀՀ քաղաքացիներ:

Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար”, ասել է Տիգրան Բալայանը:

Տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ իրավապահները ոչ թե հայտարարել են, որ հանցավոր խումբը գլխավորել է հայաստանցի Արմեն Ղազարյանը, ոչ թե հայտարարել են, որ խմբի ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, գնացել-եկել են Հայաստան, գնումներ են իրականացրել անշարժ գույքի շուկայում, այլ ասենք ընդամենը հայտնել են, որ հանցավոր խմբի մեջ նաեւ մի երկու հայաստանցի են եղել, որոնք ասենք վարորդ են աշխատել դրամաշորթ այլազգիների համար: Բացահայտվել է լրջագույն մի հանցագործություն, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է իր արձագանքով դրան տալ սովորականության տեսք:

Ամերիկացիների տարածած հայտարարություններից ակնհայտ է, որ ոչ թե նաեւ հայաստանցիներ են եղել առողջապահական համակարգում ապօրինությամբ զբաղվածների մեջ, այլ հայաստանցիների ապօրինությունների մեջ ներգրավված են եղել նաեւ այլազգիներ:

Բայց նաեւ որոշակիորեն հասկանալի է արտգործնախարարության մամուլի խոսնակի արձագանքի ենթատեքստը: Ասելով, թե “միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ ՀՀ քաղաքացիներ”, արտգործնախարարությունը թերեւս փորձում է Միացյալ Նահանգների իրավապահներին, իշխանությանը ակնարկել, որ միայն հայաստանցիները չէ, որ անօրինականություններով են զբաղված ԱՄՆ առողջապահական համակարգում:

Այսինքն, կարծես թե մոտավորապես ուրվագծվում է այն միտքը, թե եթե գող բռնող եք, բոլորին բռնեք, բոլոր հանցախմբերին բռնեք, հո մենակ հայերը չեն: Հայաստանը կարծես թե ակնարկում է ԱՄՆ դրսեւորած որոշակի միտման մասին: Սա իհարկե նման է ինքնապաշտպանության: Իսկ եթե Հայաստանի արտգործնախարարությունը դիմում է այդօրինակ ինքնապաշտպանության, թերեւս կնշանակի, որ ԱՄՆ իրավապահների բացահայտածի մեջ նկատել են գրոհ ոչ միայն հայաստանցիներից կազմված հանցախմբի, այլ հենց Հայաստանի իշխանության դեմ:

“Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար”, ասված է արտգործնախարարության մամուլի խոսնակի արձագանքում: Սա արդեն կոմպրոմիս է, որի առաջարկը Հայաստանի իշխանությունը կարծես թե անում է ԱՄՆ-ին: Հարցն այն է, թե ինչքանով է ԱՄՆ տրամադրված այդ կոմպրոմիսին եւ ինչ ծավալի եւ բովանդակության գին է սահմանելու դրա համար:

Ընդ որում, այդ ֆոնին բավական հետաքրքրական է այն տեղեկատվությունը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հանդիպումների շարք է սկսել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ, իսկ ՍԴՀԿ ամերիկյան կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ դեսպան Յովանավիչը արել էր բավական ուշագրավ մի հայտարարություն, թե ԱՄՆ Հայաստանի ժողովրդավարության համար անում է ավելին, քան երեւում է հասարակությանը: Այդ մասին ասված էր հանդիպման մասին հնչակների տարածած հաղորդագրության մեջ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: