Friday, October 15, 2010

«ԲԱՆԱԿԻ ՀԶՈՐԱՑՄԱՄԲ ՍՏԻՊՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

«ԱԶԳ, 15-10-2010 - Եթե Ստեփանակերտում իրավիճակի վերաբերյալ հարցին պատասխանում են` ո՛չ խաղաղություն է, ո՛չ պատերազմ, ապա ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի փոխանցմամբՙ հարցին առաջին գծում պատասխանում են` պատերազմ է: «Առաջին գծում իրավիճակն անփոփոխ է եւ հակասական: Այսօր էլ շփման գծում տիրում է պատերազմական իրավիճակ, եւ կատարվում են ռազմական գործողություններ: Իհարկե, դրանք չի կարելի համեմատել 90-ականների ռազմական գործողությունների հետ, սակայն բնույթով դրանք ռազմական գործողություններ են: Առաջին գծում դիրքային պատերազմը շարունակվում է», ասաց Մովսես Հակոբյանը:
Նա հավելում է, որ պատերազմից հետո զինադադարը ընդամենը խաղաղ բանակցություններ սկսելու սկիզբն էր, հետեւաբար պատերազմի վերսկսումը բացառված չէ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացինՙ Մովսես Հակոբյանը նշեց, որ գործընթացում պրոբլեմ կա: Խնդիրներ ստեղծում է Ադրբեջանը, որ հրաժարվում է բանակցություններ վարել ԼՂՀ-ի հետ, մինչդեռ հիմնախնդիրը Արցախում է:
Ներկայացնելով պաշտպանական բանակի սպառազինությունըՙ Հակոբյանն ընդգծեց, որ անցյալ տարի կառուցվել է զինամթերքի երկու հսկայական պահեստ: «Դրանք խանութի սովորական պահեստի հետ մի համեմատեք. լուրջ կառույցներ են: Ամեն օր բանակի հզորացմամբ հակառակորդին ստիպում ենք խաղաղության պահպանում: Եթե Ադրբեջանը զգաց, որ կարող է պատերազմի միջոցով հարցը լուծել, ապա կդիմի այդ քայլին, եւ նրան եվրոպական որեւէ կազմակերպություն չի կարող կանգնեցնել: Սա գիտակցում ենք եւ փորձում դիմագրավել հակառակորդին», ասաց նա: Հակոբյանը թերահավատորեն է ընդունում ադրբեջանական բանակի հզորացման վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների եւ Ալիեւ կրտսերի հայտարարությունները:
«5 տարվա ընթացքում անհնար է բանակ շենացնել: Մենք բանակի շենացմամբ զբաղվում ենք զինադադարի կնքումից հետո: Բանակի սպառազինությունն էլ ընթանում է ըստ ծրագրի: Ձեզ թող չմտահոգի հանգամանքը, որ Ադրբեջանը Ռուսաստանից C-300 է գնում: Մենք C-300 ունենք եւ վաղուց»:
Մովսես Հակոբյանը դրական է գնահատում նաեւ զինվորների մարտական պատրաստվածությունը: Նոյեմբերի 12-ին Աղդամի Տիգրանակերտի զորավարժարանում խոշոր զորավարժություն է սպասվում: Բանակում ապահովվածությունը նույնպես դրական է: Եթե 90-ականներին սնունդ, հագուստ ճարելը խնդիր էր, ջեռուցումն ու լուսավորումը` ճոխություն, այսօր այդ հարցերը նույնպես լուծված են:
Ադրբեջանն ագրեսոր է` փաստում են Մովսես Հակոբյանի ներկայացրած թվերը: Այս տարի Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 4000 անգամ` օգտագործելով 45.745 փափուշտ: Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը 30 դիվերսիոն խումբ է ուղարկել Հայաստան, որից ընդամենը երկուսն են հայտնի հասարակությանը: «Մնացած 28 դիվերսիոն խմբերի գործունեությունը կանխվել է, որովհետեւ առաջին գծում կանգնած զինվորը սպասում է այդ գործունեությանը, որովհետեւ զինվորը վճռական է, ոգին` բարձր: Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործունեությանը հայկական կողմը համարժեք պատասխան է տվել, որեւէ դեպք անպատիժ չի մնացել»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում բանակում կատարված իրադարձություններին ու խնդիրներին, Հակոբյանը նշում է, որ դրանք մտահոգիչ են, սակայն լավ գործն ավելի շատ է, քան դժբախտ պատահարները: Նա հավելում է, որ ավելի շատ խրախուսման մասին հրամաններ է ստորագրում, քան տույժերի:
«Բանակի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, եւ բացթողումները չեն կարող մեզ շեղել մեր նպատակներից»:
Ինչ վերաբերում է ՊԲ զորքի թվին, ապա Հակոբյանը տալիս է չափազանց դիվանագիտական պատասխան. «ՊԲ-ն այնքան զորք ունի, որքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` բնակչություն: 1994-ի հաղթանակը հերթական անգամ ապացուցեց, որ պատերազմում հաղթում է ոչ թե բանակը, այլՙ ժողովուրդը: Իսկ մեր հաղթական մտադրության մասին համոզվելու համար այցելեք առաջին գիծ», եզրափակեց Մովսես Հակոբյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: