Monday, October 25, 2010

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կոչ է անում շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում

Tert.am. 25-10-2010- Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայացել է կազմակերպության 40-ամյակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:
Ֆրանկոֆոնիայի հոբելյանական գագաթաժողովին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Ելույթ ունենալով գագաթաժողովին` Հայաստանի արտգործնախարարը կարևորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը և կազմակերպության դերը` բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների և երկրների միջև խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գոհունակությունն է հայտնել 2011 թ. Ֆրանկոֆոն քաղաքների Գլխավոր Ասամբլեան Երևանում անցկացնելու որոշման կապակցությամբ և ընդգծել, որ այդ որոշումը նաև կազմակերպության յուրահատուկ գնահատականն է Հայաստանին` որպես ակտիվ անդամի և վստահելի գործընկերոջ:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում առաջին անգամ ընդգրկվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին` շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա` որպես այս հակամարտության հավասարակշռված և երկարատև կարգավորման հիմք»:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրել է գործող գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաև հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվել է նաև Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մշակութային բազմազանությանը նվիրված «Ֆրանկոֆոնիայի ավան» միջոցառումը, որին Հայաստանը ներկայացված է եղել հայ հոգևոր և դասական երաժշտության կատարումներով:

No comments: