Wednesday, October 20, 2010

ԱԼԻԵՎՆ ՈՒՂՂՈՐԴՈ՞ՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Լրագիր» 20-10-2010- Հայոց պատմության մասին Սերժ Սարգսյանի ճառը, որը դասախոսությունից տարբերելը թերեւս բավական դժվար էր, տպավորել է շատերին: Իրապես, կասկած չկա, որ Սերժ Սարգսյանն իր պատմագիտական կարողություններով գերազանցել է Իլհամ Ալիեւին: Պատկերացնել կարելի է, թե ինչ կկատարվեր Ալիեւի հետ, եթե Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանը լիներ: Չէ որ նա էլ, աներկբա, իր պատմագիտական կարողություններով Սերժ Սարգսյանին է զգալիորեն գերազանցում: Այնպես որ, Ալիեւի բախտը դեռ բերել է, թեեւ Սերժ Սարգսյանն էլ նրան պակաս դաս չտվեց:
Որեւէ կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահն այժմ ինտենսիվ մարզումներ է անցկացնում, որ պատասխանի Սերժ Սարգսյանին: Չի բացառվում օրինակ, որ նա գենետիկների եւ գիտնականների (կարծես գենետիկան գիտություն չէ, իսկ գենետիկն էլ գիտնական չէ) մի խումբ է հիմա փորձում ձեւավորել, որոնք կուսումնասիրեն եւ կպարզեն, որ ասենք 8 հազար տարվա պատմություն ունեցող հայերենով 8 հազար տարի առաջ ադրբեջանցիներն են խոսել: Իհարկե, դա կլինի հիմարություն: Բայց թերեւս միարժեք է, որ ասենք նրա դուրս տված այդ հիմարությունից հետո Սերժ Սարգսյանը մի ելույթ էլ կունենա, որ ապացուցի, որ ադրբեջանցիները 8 հազար տարի առաջ ոչ միայն հայերեն չեն խոսել, այլ նույնիսկ գոյություն էլ չեն ունեցել:

Հայաստանում դա նույնպես կտպավորի եւ կփառավորի շատերի հոգին, որ Սերժ Սարգսյանն Ալիեւին արժանի հակահարված տվեց: Միայն թե անհասկանալի է, թե հիմարության հակահարվածը որն է: Ի վերջո, Հայաստանի իշխանության մեջ կա մարդ, որը բազմիցս արտահայտվել է այդ թեմայով, հիշեցնելով, որ հիմարների հետ չեն վիճում, նրանց մակարդակին չհասնելու համար: Ինչու այդօրինակ դեպքերում նրանից խորհուրդ չեն հարցնում: Միթե Հայաստանի իշխանությունն այլ զբաղմունք չունի, քան հիմարների հետ վիճելը:

Հաստատ կլինեն մարդիկ, որ իմ այդ պնդումը կհամարեն հիմարություն, ասելով, որ եթե Ալիեւը հայտարարում է, թե Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, ապա դա ոչ թե հիմարություն է, այլ լուրջ մարտահրավեր, որը պետք է նախագահի բարձր մակարդակով ստանա իր հակահարվածը: Պատկերացնում եք, Ալիեւը փաստորեն տեսնում է, որ ինքն իր հիմարություններով կարող է ուղղորդել Հայաստանի պետական քարոզչությունը: Հայաստանում ուրեմն կան մարդիկ, որոնք մտածում են, թե Ադրբեջանի նախագահի պատմական մանիպուլյացիաները կարող են համաշխարհային որեւէ լուրջ կենտրոնում լուրջ ընկալվել եւ ազդեցություն ունենալ:

Այդ դեպքում գուցե արժե Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխարեն պատմական գործերի նախարարություն բացել եւ այդպես հարաբերվել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

Որեւէ մեկը չի վիճում այն բանի հետ, որ ադրբեջանական պատմական խեղաթյուրումները չպիտի արձագանք ունենան Հայաստանում: Ավելին, անկախ այն բանից, թե պատմական իրողությունների մասին ինչ կասի Ադրբեջանը, Հայաստանը պետք է թե Ղարաբաղի հարցի ուղղությամբ, թե ընդհանրապես արտաքին քաղաքական ուղղությամբ, լուրջ ուշադրություն դարձնի պատմական իրողություններն աշխարհին ներկայացնելու կամ հիշեցնելու ասպեկտին: Պարզապես դա պետք է արվի ոչ թե պետական մակարդակով, այլ գիտական կենտրոնների, գիտական շրջանակների, ինստիտուտների, հետազոտական կենտրոնների: իսկ այդ մակարդակում արժեքավորը եւ գնահատելին գիտնականների խոսքն է, ոչ թե նախագահների ելույթները:

Խնդիրն այն է, որ համաշխարհային պետական մակարդակներում որեւէ մեկին չի հետաքրքրում, թե հազար կամ ութ հազար տարի առաջ ով ինչ հողի վրա է ապրել, ով ինչ է կերել կամ սնվել, որ քարանձավից քանի տարվա կոշիկ են գտել եւ ինչ արտադրության: Համաշխարհային պետական շրջանակներին հետաքրքրում է այն, թե ով ինչպես է ապրում ներկայում այն տարածքի վրա, որտեղ ապրում է: Հակառակ պարագայում, օրինակ, ԵԱՀԿ-ն դաշտային առաքելությունից բացի մի հատ էլ թանգարանային կամ արխիվային առաքելություն կկատարեր: Բայց համաշխարհային կենտրոններին հետաքրքրում է ներկան, եւ նրանք թերեւս պետությունների ղեկավարներից փաստարկներ են ակնկալում ներկայի համար, դրա վրա էլ կառուցելով ապագայի պատկերացումները:

Ահա այդ առումով, պետք է թերեւս արձանագրել, որ Հայաստանի իշխանությունը նույն համարժեքությամբ չի հակադրվում Ադրբեջանին, ինչ պատմական տիրույթում: Բանն այն է, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանն իրենց ներկայիս զբաղեցրած տարածքներում ապրում են գրեթե նույն արժեքային համակարգի տիրույթում, գտնվում են նույն քաղաքակրթական հարթակի վրա: Իսկ այդտեղ ցուցիչ են ոչ թե տարեթվերը, այլ թվերը` մակրոտնտեսական, ժողովրդագրական ցուցանիշները: Այդ առումով Հայաստանն ակնհայտորեն սկսել է զիջել Ադրբեջանին, ընդ որում այնպիսի տեմպով, որ մոտակա ժամանակահատվածում վիճակագրական հավասարակշռությունը վերականգնելը կլինի շատ բարդ, գրեթե անհնարին գործ Առավելագույնը հնարավոր է մեղմել տարբերության մեծացման դինամիկան:

Իսկ ելքը տեխնոլոգիական, քաղաքակրթական տարբերության հասնելն է: Հայաստանը միայն այդպես կարող է ներկայի եւ ապագայի կտրվածքով աշխարհի համար առավել համոզիչ եւ վստահելի դառնալ, քան Ադրբեջանը: Ահա թե ինչու շատ ավելի գնահատելի, արժեքավոր եւ օգտակար կլինի Հայաստանի նախագահի խոսքը ոչ թե հայոց պատմության, այլ Հայաստանի ներկայի եւ ապագայի քաղաքակրթական մոդելի, վերափոխումների, արժեքային արդիականացման մասին: Իհարկե, պայմանով, որ այդ խոսքին հաջորդեն նաեւ գործնական քայլերը: Ավելին, գործնական քայլերի պարագայում թերեւս խոսքերն էլ կդառնան ավելորդ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: