Monday, October 25, 2010

Մերձդնեստրում ձերբակալված հայ լրագրողի հարցով դիմել են Բակո Սահակյանին

News.am. 25-10-2010- «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, խնդրելով միջնորդել Մեձդնեստրի իշխանություններին` ներում շնորհել հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
«2010թ. ապրիլի 7-ից Մերձդնեստրյան Հանրապետությունում անազատության մեջ է հայտնվել հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը, որին այդ հանրապետության իշխանությունները մեղադրում են լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեջ:
Վարդանյանի ձերբալակությունը դատապարտել են տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ, եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:
Էռնեստ Վարդանյանն ահազանգել է իր հանդեպ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների մասին: Ըստ նրա`ճնշումների եւ արժանապատվության ոտնահարման վտանգի տակ է նաեւ իր կինը եւ ամբողջ ընտանիքը:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները Մերձդնեստրի Հանրապետության հետ` խնդրում ենք Ձեզ միջնորդել հայազգի լրագրողին ներում շնորհելու նպատակով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էռնեստ Վարդանյանը Տիրասպոլում ձերբակալվել էր ապրիլի 7-ին՝ «Մոլդովայի օգտին լրտեսություն անելու» եւ «պետական դավաճանության» մեղադրանքով։ Նրան 20 տարվա ազատազրկում եւ ունեցվածքի բռնագրավում է սպառնում: Ավելի ուշ մերձդնեստրյան հեռուստաալիքներից մեկով տեսանյութ էր ցուցադրվել, թե իբր Էռնեստ Վարդանյանն ընդունում է իր մեղքը եւ պատրաստ է համագործակցել հետաքննող մարմնի հետ։ Մոլդովայի իշխանությունների կարծիքով, լրագրողն այդ հայտարարությունն արել է ճնշման տակ:

No comments: